Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին եւ ԵԽ-ում ընդունված համատեղ բանաձեւին:
Իտալիայի խորհրդարանում «Ժողովրդավարական» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեա Կազուն մասնավորապես նշել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ համատեղ բանաձեւին: «Պարտավորություն, որ կտանենք նաեւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Իտալիան եւ Եվրոպան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է»։
«Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ ներկայացված բանաձեւին՝ ի պաշտպանություն Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով փաստացի պատանդ վերցված Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Ժամանակն է գործել՝ փրկելու 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ջուլիո Չենտեմերոն:
Լաչինի միջանցքի խնդրին անդրադարձել է նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Էմանուելե Պոցցոլոն: Նա նշել է, որ Արեւմուտքը չի կարող դիտորդի դերում մնալ: «Արեւմուտքը չի կարող շարունակել լուռ հետեւել. առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխա եւ 20 հազար տարեց, հսկայական հումանիտար ճգնաժամի շեմին է»,- ասել է պատգամավորը։