Ըստ The New York Times պարբերականի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ աջակցել է մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հակառուսական պատժամիջոցներով սառեցված ռուսական ակտիվները որպես մարդասիրական եւ ռազմական օգնություն փոխանցելու Ուկրաինային։ Թեեւ փաստաթուղթը պարտադիր կիրարկման ենթակա չէ եւ ավելի շատ խորհրդանշական է, այն ընդունվել է կոնգրեսականների ճնշող մեծամասնության «կողմ» քվեով (417 կողմ, 8 դեմ)։
Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում կա երկկուսակցական որոշակի կոնսենսուս առ այն, որ Սպիտակ տան գործող վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք որդեգրի։ Օրինագիծը հաստատվելու համար պետք է նաեւ ստանա Սենատի հավանությունը եւ վավերացվի նախագահի կողմից։ Եթե այն վերջնականապես ընդունվի, ապա զգալիորեն կընդլայնի ԱՄՆ նախագահի լիազորությունները հակառուսական պատժամիջոցներն ընդլայնելու հարցում։