Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված քննարկմանը բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը Թբիլիսիում հյուրընկալեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանն առաջարկել է նաեւ երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնել Թբիլիսիում, քանի որ հարեւաններն ավանդաբար հանդիպում են Վրաստանում, բայց, ըստ նրա, Հայաստանը դրան պատրաստ չէ․ «Երեւանը մերժել է մեր եւ Թբիլիսիի՝ համագործակցության եռակողմ ձեւաչափ ձեւավորելու առաջարկը»։
Ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանը չի մասնակցում Դավոսի համաժողովին՝ Ալիեւը հավելել է, որ եթե հարավկովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման առումով, տարածաշրջանն ավելի ապահով կլինի։ Նա ասել է, որ 2 րոպեն չի բավականացնի պատմելու, թե բանակցություններն ինչ փուլում են։ «Մենք անապատի մեջտեղում ենք, քանի որ Հայաստանը, ցավոք, չարձագանքեց խաղաղության համաձայնագիր կնքելու մեր առաջարկին…»։
Քննարկմանը մասնակցել է նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շեշտել է, որ Թբիլիսին վերստին պատրաստ է Երեւանի եւ Բաքվի միջեւ չեզոք միջնորդի դեր ստանձնելու։ «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում, որովհետեւ այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին` ընդգծելով, որ հավատում է համագործակցությանը: