Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է մի հարց՝ մեր զինվորները գոմո՞ւմ էին ապրում, թե՞ վատ կառուցված տներում: Շատերը վստահ են, որ գոմ բառը տեղին չէ, քանի որ դրանով ոմանք վիրավորում են այն ազատցիներին, որոնց տներն էլ հենց դարձել են զինվորների կացարաններ: Այդպիսի տներում են ապրում Վարդենիսի Նորաբակ եւ Կութ գյուղերի բազմաթիվ բնակիչներ:
Այսպիսով` ո՞րն է նույն կառույցին գոմ կամ տուն ասելու տարբերությունը, եւ ինչո՞ւ էին մեր զինվորներն, այնուամենայնիվ, ապրում գոմում:
Տարբերությունն ակնհայտ է:
Երբ ես եմ ընտրում այդտեղ ապրելը, դա իմ հնարավորությունների առավելագույնն է, գոմ է, թե Բուքինգհեմի պալատ, այդքանն եմ կարողանում, բայց երբ ինձ ասում են` գնա’ ու ապրի’ր այդ տանը, դա իմ ընտրությունը չէ, ու կողքից կարող են ասել՝ ո՞վ է քեզ այս գոմը տվել:
Տղաներն ապրել են գոմո՞ւմ: Այո’, տղաներն ապրել են գոմում: Որովհետեւ այդտեղ ապրելն իրենց ընտրությունը չէ: Իրենք այդտեղ չեն տեղափոխվել, որովհետեւ էդքանի համար փող ունեին: Իրենք ավելի լավ տունը չեն ծախել ու խոշոր պարտքերի պատճառով ընտրել ավելի վատ տունը: Զինվորների դեպքում դա գոմ է, իրենք չեն կառուցել այդ կացարանը, իրենք չեն կազմակերպել ինտերիերը: Գյուղացիների դեպքում, եթե նրանք փախստականներ չեն (քանի որ Վարդենիսի գյուղերի մի մասի բնակիչները անցյալ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից փախած հայեր են), դա տուն է, որովհետեւ այդքանն են կարողացել նրանց պապը, հայրը, իրենք:
Պետք է սովորեք էթիկան տեսնել կատարված ընտրության եւ հարկադիր իրավիճակի արանքում: Զինվորները չեն ընտրել իրենց կացարանը, ինչն այն դարձնում է գոմ, իսկ գյուղացիներն ընտրել են այն, ինչն այն դարձնում է տուն:
Ավելին` զինվորների վերոհիշյալ կացարանը, որտեղ զոհվեց 15 հոգի, գոմ է թեկուզ այն պատճառով, որ Կառավարությունն անգամ իրեն նեղություն չի տվել կացարան որոնելու: Հայաստանի քաղաքացին պետությանը հարկ է վճարում, որպեսզի կառավարությունը կատարի իր սահմանադրական պարտավորությունը՝ ապահովի պետության պաշտպանունակությունը, որն առանց զինվորների չի լինում:
Ծնողներն էդ տղաներին սրտի դողով են տվել բանակին եւ ամեն օր աղոթել են, որ պատերազմ չլինի: Որովհետեւ հենց պատերազմ եղավ, նրանք առաջին թիրախն են: Բայց որտեղի՞ց նրանք իմանային, որ իրենց որդիները բանակում առաջին թիրախն են թեկուզ այն իմաստով, որ բանակում քնելն անգամ ապրել չի երաշխավորում:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: