Հայաստանում ապատեղեկատվությունը նոր երեւույթ չէ, բայց ոչ միշտ է եղել այդքան մասշտաբային։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո այն սկսեց արագորեն տարածվել Հայաստանում․ ե՛ւ Քովիդ-19-ը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 2020-ին էլ ավելի հստակ ցույց տվեցին Հայաստանի խոցելիությունը ապատեղեկատվության նկատմամբ։
Եվրոպական միության եւ առհասարակ Արեւմուտքի, ինչպես նաեւ արեւմտյան արժեքների, սոցիալական ու մշակութային հարցերի մասին ապատեղեկատվական նյութեր են շրջանառվում քաղաքացիների, Հայաստանի իշխանությունների շրջանում՝ միջազգային գործընկերների հանդեպ անվստահությունը մեծացնելու նպատակով։
Հայաստանի հասարակությունը որպես ամբողջություն ենթարկվել է տասնամյակների ոչ ժողովրդավարական կառավարման, արմատական վերաբերմունքի, որը հակասել է ժողովրդավարական նորմերին: Բանավեճերը, տեսակետների փոխանակումը, մասնակցությունը դարձել են ավելի բաց, սակայն մասնակցությունը հանրային քննադատության կիրառման միջոցով հաճախ առաջացնում է դիմադրություն եւ դատապարտում, հատկապես սոցիալական ցանցերում:
Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար մի շարք առումներով համեմատաբար բարենպաստ է: Այնուամենայնիվ, ներկայումս ՔՀԿ-ների եւ կառավարության միջեւ երկխոսության սահմանափակ պաշտոնական մեխանիզմներ կան: Սակայն ակնհայտ է, որ հետհեղափոխական Հայաստանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռեց զարգացնելու պետական կառույցների հետ փոխգործակցության նոր, ֆորմալ եւ ավելի արդյունավետ ուղիներ ու գործընթացներ:
Հզոր ժողովրդավարական ինստիտուտների եւ հավասարակշռող ընդդիմադիր կուսակցությունների բացակայության պայմաններում քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է խաղում՝ ապահովելով պետական վերահսկողություն, ընդդիմանալով որոշ օրենսդրական նախաձեռնությունների եւ նպաստելով ժողովրդավարական արժեքների ու գաղափարների վրա հիմնված հանրային քննարկումների: Արդյունքում քաղաքացիական հասարակությունն արդյունավետ է եղել պետությանը պատասխանատվության ենթարկելու հարցում:
2018 թվականի մայիսից հետո քաղաքացիական հասարակության դեմ հրահրվեց ապատեղեկատվության եւ ատելության հոսք, որի հիմնական պատճառը հենց քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ դերակատարությունն է տարբեր ոլորտներում։
Ժողովրդավարական արժեքների եւ քաղաքացիական հասարակության վերաբերյալ ապատեղեկատվությունը Հայաստանում եղել է մինչ 2018 թվականի հեղափոխությունը։ Այնուամենայնիվ, այն նախկինում ընդհատումներով էր, ակտիվացել է որոշակի համատեքստերում եւ ի պատասխան այնպիսի դրդապատճառների, ինչպիսիք են օրենսդրական առաջարկները կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախաձեռնած տեղեկատվական արշավները: Այս գործողությունները ապատեղեկատվական աղբյուրները ներկայացնում էին որպես հայկական ազգային կամ ընտանեկան արժեքներին հակասող (ինչպես, օրինակ՝ ընտանեկան բռնությունից օրենսդրական պաշտպանության կամ կանանց իրավունքների համար արվող հայտարարությունները):
Քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության դեմ ուղղված ապատեղեկատվական արշավները հեղափոխությունից հետո աճեցին թե՛ ծավալով, թե՛ հաճախականությամբ: Եթե նախկինում քաղաքացիական հասարակությունը երբեմն որոշ հասարակական կամ քաղաքական գործիչների կողմից որակվում էր որպես օտարերկրյա գործակալ կամ ազգային անվտանգության սպառնալիք, 2018 թվականից հետո այդ ընկալումները դարձան հասարակության լայն շրջանում հաճախ արծարծվող թեմա:
«Օտարերկրյա գործակալներ» եզրույթի տակ կարելի է միավորել քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվական արշավների մեծ մասը, որը փորձում է քաղաքացիական հասարակությունը ներկայացնել որպես այլ երկրների շահերը սպասարկող հակապետական տարր: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմի բռնկումից ի վեր ապատեղեկատվական արշավները խեղաթյուրել են ընկալումները՝ քաղաքացիական հասարակությանը ներկայացնելով որպես «թշնամի գործակալ», որը ձգտում է խարխլելու հայկական պետականության հիմքերը, ներառյալ բանակը եւ եկեղեցին, հօգուտ գլոբալիզմի եւ լիբերալիզմի։
2020 թվականի սեպտեմբերից քաղաքացիական հասարակությունը ներկայացվում է որպես դերակատար, որը ձգտում է քանդել ռուս-հայկական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում, պետության ներսում աշխատող «գործակալների» միջոցով։
Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի եւ երկրի քաղաքացիական սեկտորին աջակցելու գործում միջազգային դոնորների դերի մասին վաղուց հանրային բանավեճ է եղել: Դրանք հայ հասարակության քննարկման լեգիտիմ հարցեր են։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ապատեղեկատվական նյութերի տարածումը սահմանափակեց փաստերի վրա հիմնված առողջ դիսկուրսը: Քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքական եւ հասարակական գործիչները օգտագործել են իրենց դիրքորոշումները այս բանավեճերում, հատկապես արեւմտյան ֆինանսավորման դերի վերաբերյալ, արժեքային համակարգեր եւ քաղաքական դիրքորոշումներ սահմանելու համար: Բեւեռացված տեղեկատվական էկոհամակարգի հետեւանքով քաղաքացիական հասարակության տեսակետները շատ արագ որակվում են որպես օտար կամ սպառնացող, եւ ակտիվիստները դառնում են ատելության խոսքի կամ կեղծ նյութերի թիրախ բանավեճերում իրենց դիրքորոշման պատճառով:
Քաղաքացիական հասարակությունը հիմնովին նպատակ ունի ներկայացնելու եւ խթանելու ժողովրդի կամքը: ՔՀԿ-ներին ուղղված բազմաթիվ կեղծ պատմություններ կարող են հանգեցնել քաղաքացիական հասարակության եւ լայն հասարակության կապի խզման: Այս երեւույթը հատկապես վտանգավոր է հիմա, երբ երկիրը կանգնած է պատերազմից հետո ծառացած քաղաքական հիմնահարցերի առաջ։
Քրիստինե Խանոյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: