Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբից հայտարարել են, որ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը եւ բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:
Բնակչությանը հորդորում են լինել ուշադիր եւ պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։