Ղազախական եւ ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններով՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոսպիտալացվել է։ Նա Աստանայի սրտաբանական հիվանդանոցներից մեկում բուժզննում է անցնելու։
Նազարբաեւի խոսնակ Այդոս Ակիբայն էլ մանրամասնել է, որ Ղազախստանի առաջին նախագահը ազգային սրտաբանական գիտական կենտրոնում է, որտեղ նրան սրտի վիրահատություն են կատարել։ «Առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա բուժհսկողության տակ է»,- Twitter-ի իր էջում գրել է Այդոս Ուկիբայը։
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանը ղեկավարել է 1991-2019 թվականներին։ Իշխանությունից հեռանալուց հետո նա, ըստ էության, իր ձեռքում պահել էր ղազախական պետության հիմնական լծակները, կրում էր «ազգի առաջնորդի» կամ «էլբասի» տիտղոսը, ղեկավարում էր իշխող «Նուր Օթան» կուսակցությունն ու Ղազախստանի ազգային անվտանգության խորհուրդը։ Սակայն անցյալ տարվա հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո նա հեռացվել է զբաղեցրած բոլոր պաշտոններից, զրկվել «էլբասի» պատվավոր սենատորի կոչումներից։