ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ իբրեւ թե Երեւանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափ ստեղծելու առաջարկը, ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջեւ եռակողմ երկխոսության զարգացման հարցում: «Թբիլիսյան հնարավոր հարթակը դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,– նշել է Միրզոյանը։
Ըստ նրա` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել եւ այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ եւ խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի եւ թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն։
Միաժամանակ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքների, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Նա հավելել է, որ այստեղ միակ ու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է: