Կառավարությունը հաստատել է արտասահմանյան մասնագիտացված լաբորատորիաների ցանկը, որոնք այսուհետեւ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպությունների մատակարարած խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը: Դրանք են՝ «ԷՅԷԼԷՍ» Լիմիթեդ (Ավստրալիա), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ եւ «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ», ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. եւ շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերությունների լաբորատորիաները:
Մինչ օրս խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէր: Դա չէր ապահովում մատակարարված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության եւ կանխատեսելիության անհրաժեշտ մակարդակ:
Լաբորատորիաների եզրակացությունները հիմք կլինեն ռոյալթիի հաշվարկման համար, ինչն էլ, ֆինանսների նախարարության հիմնավորմամբ, կնպաստի ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացմանն ու հավասար պայմանների ստեղծմանը: Ըստ ֆինանսների նախարարության՝ գործընթացը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:
Կառավարության որոշումը կոչված է ապահովելու հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրարկումը: Բացի դրանից՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում՝ հանքարդյունաբերության հարկման արդար եւ երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով, որն էլ իր հերթին կապահովի ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործումն ու բնական պաշարների գերշահագործման բացառումը:

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։