Հունվարի 19-ին եվրոպական մի քանի քաղաքներում՝ Փարիզում, Վիլնյուսում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բաթումում, Ռիգայում… այդ թվում նաեւ Երեւանում նշվել է Հակաֆաշիստական համերաշխության օրը։
Երեւանում միանգամից երկու միջոցառում անցկացվեց՝ ռեժիսոր Վալերի Բալայանի նկարահանած «Սիրե՛ք ինձ, խնդրում եմ» հակաֆաշիստական ֆիլմի ցուցադրումը եւ հիշատակի ակցիա բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ։
Հունվարի 19-ը նշելը ռուսական ավանդույթ է: Այն սկիզբ է առել Մոսկվայում 2009 թվականին քաղաքի հենց կենտրոնում հայտնի փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ «Նովայա գազետա»-ի թղթակից Անաստասիա Բաբուրովայի սպանությունից հետո։ Նրանց գնդակահարել էին БОРН խմբի («Ռուս ազգայնականների մարտական կազմակերպություն») նացիստները։
Այժմ՝ 2023 թվականին, դժվար է բացատրել, թե ինչ իրավիճակ էր 2000-ականներին Ռուսաստանի խոշոր քաղաքներում այն մարդկանց, ովքեր դա չեն տեսել։ Շատ նման էր փողոցային պատերազմի՝ մեծաթիվ զոհերով։
Սափրագլուխ երիտասարդները ամրաններով եւ դանակներով ներխուժում ու ջարդուփշուր էին անում շուկաները, որտեղ առեւտուր էին անում Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից ներգաղթյալները, խաթարում էին ռոք եւ ռեփ համերգների անցկացումը: Ոչ ռուսական արտաքինով կամ նույնիսկ ռուս, բայց արեւմտյան ոճով հագնված մարդը չէր կարող ապահով զգալ։
Հայտնի են Աֆրիկայից ժամանած ուսանողների, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի բանվորների դաժան ծեծի բազմաթիվ դեպքեր։ Ամենահայտնին Սանկտ Պետերբուրգում տաջիկ աղջկա՝ Խուրշեդա Սուլթանովայի (9 տարեկան) սպանությունն է, որ կատարել էին «Մարտական ահաբեկչական կազմակերպության» նեոնացիստները։
Նման դեպքերը տարածված էին Ռուսաստանով մեկ։ Փողոցային տեռորը տեւեց ավելի քան տասը տարի։
2000-ականների կեսերին ձախ հայացքներ կրող երիտասարդները միավորվեցին նացիստներին դիմակայելու նպատակով: Նրանք հսկում էին համերգները, պաշտպանում ներգաղթյալներին՝ երբեմն իրենք էլ ենթարկվելով հարձակումների։
Հակաֆաշիստներին նույնպես սպանում էին։ Զոհերի ցուցակը շատ երկար է՝ Թիմուր Կաչարավա (դանակի հարվածով սպանել են Սանկտ Պետերբուրգում՝ գրախանութի մոտ), Իվան Խուտորսկոյ (գնդակահարել են Մոսկվայի տան մուտքի մոտ), Նիկիտա Կալին (սպանել են Սամարայում)… Ավելի քան 50 մարդ, եւ սրանք դեռ բոլորը չեն: Նրանց թվում են հակաֆաշիստական դիմադրության խորհրդանիշներ Ստաս Մարկելովն ու Նաստյա Բաբուրովան:
Նացիստական բռնությունների ալիքը եւ դրա դեմ կազմակերպված դիմադրությունը մարգինալ եւ ենթամշակութային բաներ չէին: Դրանք միանգամայն տեղավորվում էին այն քաղաքականության մեջ, որին հետեւում էին ռուս հասարակությունն ու ռուսական պետությունն այդ տարիներին։
«Ռուսաստանը ռուսների համար» ռասիստական կարգախոսներ հնչել են Պետդումայի պատգամավորների շուրթերից, նացիստական «ռուսական երթերին» մասնակցել են հայտնի մարդիկ, որոնք հետագայում դարձել են ռուսական քաղաքականության դրոշակակիրները։ Նրանց թվում է «Родина» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, որը ժամանակին զբաղեցրել է Ռոսկոսմոսի ղեկավարի, Դումայի փոխնախագահի պաշտոնները։
Լրագրողական հետաքննությունները հայտնաբերել են նացիստական խմբերի բազմաթիվ կապեր Դումայի պատգամավորների (օրինակ՝ Եվգենի Ֆյոդորով) եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Երեւանի «Մամա ջան» սրճարանում կայացած հանդիպմանը Վալերի Բալայանը պատմեց, թե ինչպես քայլ առ քայլ փողոցային նացիստների մարգինալ գաղափարախոսությունը դարձավ ռուսական պետության գաղափարախոսությունը։
Այսօր նացիստական կարգախոսներ ու կոչեր կարելի է լսել ոչ միայն շուկաներում ու տրամվայներում, այլեւ ռուսական հեռուստաալիքների եթերում։
Ավելացնենք, թե քանի անթաքույց նացիստներ մասնակցել եւ մասնակցում են Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիային։ Նրանցից շատերը չեն վարանում ցույց տալ սվաստիկաներով, կոլովրատներով, ռունագրերով եւ նացիստական այլ խորհրդանիշներով դաջվածքները: Ամենացայտուն օրինակը նացիստական խորհրդանիշներով դաջվածքներով Դմիտրի Ուտկինն է՝ տխրահռչակ «Вагнер» ЧВК-ի (Մասնավոր ռազմական ընկերություն) հիմնադիրը, Երրորդ ռեյխի երկրպագուն։ Նկարներ կան, որտեղ նա վերմախտի համազգեստի գլխարկով է։ Հայտնի է, որ 2014-2015 թվականներին Ուկրաինայում կռվել են նաեւ ռազմականացված նացիստական «Русич» խմբավորման անդամները։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո բազմիցս ստիպված եմ եղել շփվել Մոսկվայում ռուս ազգայնականների հետ։ Նրանց թվում կան հայտնի երաժիշտներ եւ շոու բիզնեսի գործիչներ։ Անձնական զրույցներում նրանք անկեղծորեն խոստովանել են. «Մենք իսկապես սիրում ենք ուկրաինացի ազգայնականներին, անդուրն այն է, որ նրանք ուկրաինացի են»։ Եվ այս ամենը՝ Ուկրաինայի ապաազգայնականացման կարգախոսի ներքո։
Հակաֆաշիստական դիմադրությունը հավատարիմ էր բոլորովին այլ տեսակետների։ Տարեցտարի այն ավելի ու ավելի էր մերձենում Պուտինին ընդդիմացողներին։ Հակաֆաշիստներն ակտիվորեն մասնակցել են 2012 թվականի այսպես կոչված «բոլոտնի ցույցերին»:
2012 թվականի մայիսի 6-ին մի քանի նշանավոր հակաֆաշիստներ ձերբակալվեցին, ապա դատապարտվեցին «Բոլոտնայայի» գործով: Նրանց թվում էին Ալեքսեյ Պոլիխովիչը, Նիկոլայ Կավկազսկին, Վլադիմիր Ակիմենկովը, Ալեքսեյ Գասկարովը։
Հակաֆաշիստները կազմակերպում էին բազմաթիվ բնապահպանական արշավներ, պաշտպանում էին պատմական շենքերը ապօրինի քանդումից, սնունդ բաժանում աղքատներին միջազգային Food Not Bombs արշավի շրջանակում, պաշտպանում աշխատանքային միգրանտներին, երբ ոտնահարվում էին նրանց իրավունքները, իսկ նրանց իրավունքներն անընդհատ էին ոտնահարվում:
Ամեն տարի հունվարի 19-ին Մոսկվայում եւ այլ քաղաքներում հակաֆաշիստական մեծ երթեր են անցկացվում՝ ի հիշատակ Ստաս Մարկելովի եւ Նաստյա Բաբուրովայի: «Ավելի բարձր, ավելի բարձր սեւ դրոշ. պետությունն է գլխավոր թշնամին» եւ «Մեր հայրենիքը ողջ մարդկությունն է» ավանդական կարգախոսներից բացի այնտեղ միշտ հնչում են ռուսական ընդդիմության կարգախոսները՝ «Ո՛չ պատերազմին» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին»:
2017-2018 թվականներից Ռուսաստանի իրավապահ մարմինները հակաֆաշիստների նկատմամբ զանգվածային հետապնդումներ են սկսել։ ԱԴԾ-ի (ФСБ) սարքած հայտնի «Ցանցի» գործը սկսվեց դաժան խոշտանգումներով եւ մեծաթիվ ազատազրկումներով՝ 6-18 տարի, չհաշված բազմաթիվ խուզարկությունները, սպառնալիքներն ու ծեծերը։
Ռուսական արդարադատությունը միշտ կանգնել է ծայրահեղ աջերի կողմը: Դա են ցույց տալիս առնվազն դատական որոշումները։ Հակաֆաշիստներին միշտ տրվել են առավելագույն ժամկետներ, իսկ ֆաշիստներին՝ նվազագույնը։ Ավելին՝ կան դեպքեր, մասնավորապես «Ցանցի» գործով, երբ ծայրահեղ աջ խմբերի անդամները համագործակցել են հատուկ ծառայությունների հետ։
Ուկրաինայի պատերազմի սկզբում հակաֆաշիստական դիմադրությունը փաստացի պարտություն կրեց։ Շատերը բանտարկված են, շատերն արտագաղթել են, որ գաղափարական նկատառումներով չբանտարկվեն։ Այս տարի առաջին անգամ տարագրության մեջ է անցկացվում Հակաֆաշիստական համերաշխության օրը։ Այն կազմակերպում են երկրից հեռացած հակաֆաշիստները եւ հակաֆաշիստական հայացքների տեր մարդիկ։ Այսօր՝ բացահայտ ֆաշիստական կարգախոսներով վարվող պատերազմի պայմաններում, սա ավելի քան երբեւէ տեղին է։
Ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Հայ ընկերներն ինձ երկար ժամանակ համոզում էին, որ կապ չկա։ Այստեղ ոչ ոք երբեւէ չի լսել հայկական ֆաշիստական խմբերի մասին, առավել եւս՝ հակաֆաշիստական: Կապ այնուամենայնիվ կա։
Հայաստանում շատերը, գուցե ամեն երրորդը, ապրել եւ աշխատել են Ռուսաստանում։ Սա նշանակում է, որ նրանք բախվել են ազգային խտրականության։ «Խփե՛ք կովկասցիներին» կարգախոսը երկար տարիներ մեծ ժողովրդականություն էր վայելում Ռուսաստանում, այն նույնիսկ հիմա է գործում։
«Մամա ջան» սրճարանում Բալայանի ֆիլմի ցուցադրությանը կողքիս նստած էր մի երիտասարդ հայ զույգ։ Երբ էկրանից կերած-խմած, սափրագլուխ մարդը պարզեց ձեռքը նացիստական ողջույնով ու բղավեց՝ «Սպանե՛ք խաչերին», նրանք ցնցվեցին։ Նույնիսկ այստեղ՝ ապահով Երեւանում, դա սարսափելի է։
Բայց կա նաեւ մեկ այլ կապ: 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում թուրք ազգայնականների ձեռքով սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը։ Այս մասին երեկոյի ընթացքում խոսեց գրող Մարկ Գրիգորյանը։
Դինքը հայերենով եւ թուրքերենով լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, որը պաշտպանում էր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Նրա սպանությունից հետո Թուրքիայում հազարավոր բողոքի ցույցեր են անցկացվել՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով։
Երբ այս մասին պատմեցի հակաֆաշիստական «Հունվարի 19-ի կոմիտեի» ընկերներիս, մեկ րոպե անց եղավ պատասխանը՝ «Հրանտն էլ Ստասի ու Նաստյայի հետ պետք է ներառվի հակաֆաշիստական սրբարանում»։
Երեկոյի ավարտին կազմակերպիչները դրամահավաք անցկացրին պաշարված արցախցիներին օգնելու համար։ Եվ դա նույնպես հակաֆաշիստական գործ է։
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։