Մեր ժամանակներում, երբ տեղի են ունենում մեծամեծ փոփոխություններ, մենք էլ, տարվելով տարատեսակ հրապուրանքներով, շնչակտուր վազում ենք առանց կանգ առնելու, թերեւս արժի դուրս գալ ընթացիկ իներցիաներից, մի պահ կանգ առնել եւ հարցնել՝ «Լավ, ես ի՞նչ եմ ուզում։ Ո՞րն է, ի վերջո, իմ ուզածը»։
Այս հարցի պատասխանը փնտրելն արդեն կարող է օգնել մեզ գտնելու հենման կետեր, որոնցից հրվելով՝ կարող ենք հասնել մեր նպատակներին։
Եվ այս հարցն արժի իրենք իրենց տան թե՛ երիտասարդները, որ կանգնած են ճանապարհի ընտրության առաջ, թե՛ տարեցները, որ խնդիր ունեն ամփոփելու արած-չարածը եւ լրացնելու բացթողումները։ Այս հարցը տալը հատկապես օգտակար է, երբ մարդը հայտնվել է դժվարին, անելանելի թվացող իրավիճակում. անում-անում է, բայց արդյունք չի ստանում, վազում-վազում է, բայց տեղ չի հասնում։
Առավել եւս պետք է կանգ առնել եւ այս հարցը տալ, եթե իրավիճակն այնպիսին է, որ որքան անում եք, այնքան գործերը շատանում են։ Այս հարցը հնչեցնելը դառնում է առավել արդիական, երբ կյանքում ավարտվում է ինչ-որ փուլ, սակայն դեռ չի սկսվել նորը, եւ չենք տեսնում, թե ինչպիսին է այն լինելու։
Մեզնից պահանջվում է գտնել անշարժ հենարաններ, որոնցից հրվելով՝ կկարողանանք շարունակել մեր ընթացքը։ Իմ համոզմամբ՝ այդ անշարժ հենման կետերը գտնելու ուղին ինքնաճանաչողությունն է։ Իսկ ինքներս մեզ «Լավ, ես ի՞նչ եմ ուզում» հարցը տալը առաջնորդում է հենց այդ ուղղությամբ։
Ինքնաճանաչողություն
Եթե ինքներս մեզ շարունակաբար տալիս ենք այս հարցը եւ հետեւողականորեն փորձում գտնել պատասխաններ, գնում ենք ինքնաճանաչողության արահետով, ինչը միշտ եւ ցանկացած պարագայում օգտակար է։ Այսպես խորանում ենք դեպի մեր քաղաքակրթության հիմքերը, Դելֆիի Ապոլոնի տաճարը, որի պատին գրված էր՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»: Կոչ, որ ուղեկցում է մեզ անտիկ ժամանակներից մինչեւ եւ ցույց է տալիս մեր ընթացքի գլխավոր ուղղությունը։
Ինքնաճանաչողությունը Աստվածճանաչողություն է, զի մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Իմ համոզմամբ, եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր անհատ պետք է սովորի ինքնուրույն քայլեր անել ինքնաճանաչողության ոլորտում։ Եվ այդ քայլերից առաջինը կարող է լինել հենց այս հարցը մեզ տալն ու պատասխան փնտրելը։
Անկասկած, սա այն կարեւորության հարցն է, որի պատասխաններն արժե փնտրել ամենուրեք, քնած թե արթուն։ Կարող է շատ օգտակար լինել այս հարցի մասին մտորելը զբոսնելով փողոցում կամ այգում, անտառում կամ սարերում։
Խորհենք զբոսնելով
Դո՛ւրս գանք զբոսնելու հատուկ այս հարցի մասին խորհելու նպատակով։ Զբոսնենք եւ ինքներս մեզ հարց տանք՝ «Լավ, ես ի՞նչ եմ ուզում», եւ ջանանք լսել մեր ամենաներսում հնչող պատասխանները։ Անկասկած, մի քանի րոպեից մեր միտքը անցնելու է այլ թեմաների։ Հիշելու ենք անցյալում կատարված որեւէ դեպք կամ որեւէ ֆանտազիա։ Դե, ոչինչ։ Պետք է հանդարտորեն վերադառնալ հարցին եւ շարունակել մտորումները։
Քսանից երեսուն րոպեն բավարար է, որ սկսենք որոշակիացնել, թե ինչ ենք մենք իրոք ուզում, եւ ինչ անօգուտ ցանկություններ կան, որոնց տրվել ենք ոչ գիտակցաբար։ Կսկսենք տարբերակել էականը երկրորդականից, մեր խորքային ուզածը՝ իներցիայով մեզ տրվածից։
Զբոսնելով մտորելը օգտակար է բազմաթիվ այլ առումներով եւս։ Այն հատկապես օգտակար է, եթե մարդը հայտնվել է դժվար իրավիճակներում։ Թե ինչպես նման դեպքերում վարվել, կարդացե՛ք «Խնդիրներ ունես, դո՛ւրս եկ զբոսնելու» հոդվածում։
Զբոսնել եւ այս հարցի մասին մտորելն իրոք օգտակար է։ Բայց առավել օգտակար է այդ պատասխանները գրի առնելը։
Գրելը մեզ օգնական
Եթե ուզում ենք իրոք հասնել մեր նպատակներին, եթե ուզում ենք իրոք փոխվել, առավել օգտակար կարող են լինել ամենօրյա առավոտյան գրությունները։ Դրանց օգտակարության եւ գրեթե մոգական հնարավորությունների մասին կարելի է կարդալ «Գրելը մեզ օգնական» եւ «Սկսենք գրել» հոդվածներում։
Այսպես՝ պարզապես վերցնում ենք ամենասովորական տետրն ու գրիչը, էջի վերեւում գրում ենք մեր հարցը՝ «Լավ, ի՞նչ եմ ես ուզում», եւ թղթին հանձնում բոլոր մտքերը, որ այցելում են մեզ։ Գրում ենք ոչ թե ինչ-որ ընդունված կաղապարներից ստացած պատասխաններ, այլ նայում ենք մեր ներսը, ջանում հասկանալ, թե հենց այդ պահին մենք ինչ ենք ուզում եւ աշխատում առավելապես անկեղծ ձեւակերպել հենց այն, ինչը հայտնվում է մեր ներսից։
Անկասկած, այս հարցի պատասխանը մեկը չէ։ Գրում ենք մեր գլխում հայտնված ամեն ինչ՝ առաջին իսկ մտքից սկսած, առանց ծանրութեթեւ անելու, առանց մտածելու՝ արժե գրել, թե ոչ։ Կարող են լինել մեկ կամ մի քանի պատասխաններ։ Գրում ենք այն, ինչ գրվում է, բայց հատուկ չենք մտածում, թե ինչ գրենք։ Գրում ենք առանց կանգ առնելու, առանց դադար տալու, առանց հետ նայելու։
Շարունակենք գրել նաեւ հաջորդ օրերին։ Ոչ թե արտագրենք նախորդ օրվա գրածները, այլ ջանանք նորից պատասխանել այս հարցին՝ «Լավ, ի վերջո ես ի՞նչ եմ ուզում»։ Այսպես օր օրի կմաղվեն երկրորդական ցանկությունները, եւ կմնան հիմնականները։
Եթե հետեւենք, թե ոնց են փոխվում մեր ձեւակերպած նպատակները, կարող ենք նկատել հետաքրքիր օրինաչափություններ։ Այսպես օր օրի մենք կբացահայտենք մեր ցանկությունների աշխարհը։ Կսկսենք հասկանալ՝ ինչն ենք իրոք ուզում, իսկ ինչն է ուղղակի անցել մեր մտքով։ Կսկսենք տեսնել, թե իրոք մենք ինչ ենք կամենում։
Ցանկանալն ու կամենալը տարբեր բաներ են։ Եթե կամենում ենք, արդեն կամք ենք ներդնում։ Կամենալն այն է, երբ մենք ընտրել ենք ուղղությունը՝ ուր ենք գնում։ Եթե մենք իրոք հասկանանք, թե ինչ ենք ուզում, դա հանգեցնելու է որոշման կայացման՝ մենք ընտրելու ենք մեր գնալիք ճանապարհի ուղղությունը։
Եվ այսպես…
Եթե ամեն օր շնչակտուր վազում ենք, վազում եւ այդպես էլ չենք ստանում մեր ուզած արդյունքը, ուրեմն ժամանակն է կանգ առնելու եւ ինքներս մեզ հարցնելու՝ «Լավ, ես ի՞նչ եմ ուզում, իմ ուզածը ո՞րն է»։ Այս հարցն ինքներս մեզ տալը հատկապես օգտակար է, եթե կա վեճ, հակադրություն, եթե զայրացել ենք կամ անհիմն բորբոքվել։ Նման պահերին իրոք արժե՝ ինքներս մեզ ասենք՝ «Ստո՛պ, կանգ առ»։ Եվ մեկ անգամ եւս ինքներս մեզ համար հնչեցնենք մեր կախարդական հարցը։ Հավատացե՛ք՝ դա կօգնի չկորցնելու մեր հավասարակշիռ վիճակը եւ գտնելու առավել օգտակար լուծումներ։
Եթե այս հոդվածը կարդալուց հետո մի պահ կանգ կառնեք եւ ինքներդ ձեզ կհարցնեք՝ «Ո՞րն է իմ ուզածը», ուրեմն այն հասել է իր նպատակին։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։