Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնից» Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ է տեղափոխվել եւս 6 խնամյալ։
Նրանք ունեցել են հետեւյալ ախտորոշումները` «հղիություն առաջին, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում առաջին աստիճան», «երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիաէ արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անեւրիզմա»։
Միաժամանակ նշվում է, որ «Արեւիկ» բուժմիավորումում 11 երեխա նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում է: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 խնամյալ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 42 խնամյալ։