Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON) հայտնել են, որ Նիդերլանդների խորհրդարանը հունվարի 21-ին ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձեւը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը եւ ԵՄ երկրներին ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։
Բանաձեւը «Քրիստոնեական միություն» կուսակցությունից ներկայացրել էր Դոն Սեդերը՝ խորհրդարանում առաջիկա ԵՄ խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի շուրջ քննարկումների ժամանակ, այն ստորագրել է նաեւ տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։ Բանաձեւում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է, եւ դրա հետեւանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը։
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը, եւ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության պայմանները։ Բանաձեւը դիմում է կառավարությանը, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը, եւ այդ գործընթացում ներգրավվեն ԵՄ համախոհ անդամ երկրներ։