Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։
«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ եւս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն»,– ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Էլեկտրաէներգիան եղանակային ներկա պայմաններում մատակարարվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տեւողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։