Հայաստանում 2023 թվականի գարնանը կշահագործվի սանիտարական աղբավայր։ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում գոյացող աղբը տեղափոխվելու է Հրազդանի սանիտարական աղբավայր, որի կառուցումը մեկնարկել էր 2021 թվականից:
«Երբ Հրազդանի սանիտարական աղբավայրը շահագործվի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 55 աղբավայր կփակվի: Մարտունիում կառուցվում է փոխաբեռնման կայան։ Աղբն այնտեղ կհավաքվի, կսեղմվի, ապա աղբատար մեքենաներով կտեղափոխվի աղբավայր»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ներդրվելու է աղբահանության արդյունավետ համակարգ, բոլոր բնակավայրերում տեղադրվելու են նոր աղբամաններ: Նախքան աղբավայր հասնելը աղբը կտեսակավորվի։
Հողի, ստորգետնյա ջրերի եւ օդի աղտոտումը բացառելու նպատակով Հրազդանի սանիտարական աղբավայրում կառուցվել են ենթակառուցվածքներ, ադմինիստրատիվ շենքեր։ Սանիտարական աղբավայրը համապատասխանելու է Եվրամիության չափորոշիչներին։ Այժմ մեր երկրում գործող 300 աղբանոցից ոչ մեկը չի համապատասխանում քաղաքաշինական ու բնապահպանական նորմերին։
«Հրազդանի սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների արժեքը 3,2 մլն եվրո է, ֆինանսավորել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Աղբավայրը զբաղեցնում է 27 հա մակերես:
Կատարվելու է աղբի անվտանգ հեռացում, աղբավայրի գործարկումն ապահովելու նպատակով գնվելու են նոր աղբատար մեքենաներ»,- նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Աղբահանության մեքենաները, աղբամանները եւս կհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին։ Նոր աղբավայրում կուտակված աղբի վրա պարբերաբար հողի շերտ է լցվելու, որպեսզի աղբը կենսաքիմիական փոփոխությունների միջոցով պարարտացնի հողը։ Թունավոր նյութեր պարունակող աղբի համար այլ ծրագիր է մշակվում։ Հնարավոր է առաջիկայում աղբի վերամշակման երկրորդական գործարան կառուցվի, որտեղ թունավոր նյութեր, գազ պարունակող աղբը կվերամշակվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ասում է՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու առաջարկները դեռեւս քննարկվում են ներդրողների հետ:
Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործմամբ եւ վերահսկողությամբ զբաղվելու են համայնքները եւ համայնքային հիմնարկները: Նախատեսվում է Հայաստանի մնացած 8 մարզերի բնակավայրերը սպասարկող եւս 4 սանիտարական աղբավայր կառուցել․ ծրագրային առաջարկը դեռեւս քննարկման փուլում է:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։