Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության` Էստոնիան Ուկրաինային կտրամադրի ունեցած բոլոր 155 միլիմետրանոց անգլո-գերմանա-իտալական արտադրության FH-70 հաուբից համակարգերը։ Դրանք ՆԱՏՕ-ում կիրառության մեջ մտել են 1976 թվականից։ Էստոնիայում հայտարարել են, որ այդ քայլով նախադեպ են ցանկանում ստեղծել, որ այլ երկրներ այլեւս արդարացումներ չունենան, թե ինչու չեն կարող Ուկրաինայի համար անհրաժեշտ բոլոր սպառազինությունները տրամադրել, որպեսզի վերջինս հաղթի ռուս-ուկրաինական պատերազմում։
Ուկրաինայում էստոնական դեսպան Կայմո Կուուսկը մանրամասնել է, որ Էստոնիան Ուկրաինային կտրամադրի 113 միլիոն եվրոյի ռազմական օգնություն, այդ թվում՝ տասնյակ 155 մմ-անոց FH-70 եւ 122 մմ-անոց D-30 համակարգեր, 155 միլիմետրանոց հազարավոր հրետանային արկեր, հարյուրավոր М2 «Կարլ-Գուստաֆ» տեսակի հակատանկային նռնականետեր՝ անհրաժեշտ զինամթերքով, հրետանային ստորաժանումների աջակցման միջոցներ։ Այս օգնությունն էլ հաշվառած` Ուկրաինային Էստոնիայի տրամադրած ռազմական օգնության ծավալը եղել է Էստոնիայի ՀՆԱ 1 տոկոսը։