Եվրամիությունը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» հունվարի 18-ին մեկնարկած նախաձեռնության շրջանակում որոշել է անդամ երկրներին եւ համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը եւ առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան դրա մասին հայտնել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա»-ն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար շուրջ 51 միլիոն եվրո է։ Իբրեւ ճկուն մեխանիզմ՝ նախաձեռնության բյուջեն կարող է հետագայում ավելանալ։ Այն բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ միանալու եւ իրականացնելու նպատակով։