Բրազիլիան եւ Արգենտինան սկսել են ընդհանուր արժույթի ստեղծման աշխատանքները։ «Մենք որոշել ենք շարունակել քննարկումները ընդհանուր հարավամերիկյան արժույթի ստեղծման ուղղությամբ, որը հնարավոր կլինի կիրառել ինչպես ֆինանսական, այնպես էլ առեւտրային գործառնությունների համար եւ կրճատել մեր արտաքին կախվածությունը»,- Perfil օրաթերթում հրապարակված համատեղ հոդվածում գրել են Բրազիլիայի եւ Արգենտինայի նախագահներ Լուիշ Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Ալբերտո Ֆերնանդեսը։
Ավելի վաղ The Financial Times պարբերականն էր գրել, որ Հարավային Ամերիկայի երկու խոշորագույն տնտեսությունները մտադիր են ընդհանուր արժույթ ստեղծել։ Գաղափարը քննարկվելու է Բուենոս Այրեսում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որին կմասնակցեն լատինաամերիկյան երկրների ղեկավարները։
Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան էլ հայտարարել է, որ չի ուզում կեղծ սպասումներ ձեւավորել, քանի որ դեռ առաջին քայլն է կատարվելու երկար ճանապարհի։ Մասսան մանրամասնել է, որ ընդհանուր հարավամերիկյան արժույթի ստեղծման գործընթացը կարող է տեւել տասնամյակներ` հիշեցնելով, որ Եվրոպային պահանջվեց 35 տարի եվրոյի ստեղծման համար։
Բրազիլիան առաջարկել է նոր ստեղծվելիք արժույթը անվանել «սուր» (իսպաներեն՝ «հարավ»)։ Այն կկիրառվի բրազիլական ռեալին ու արգենտինական պեսոյին զուգահեռ, եւ եթե վերջինիս միանան նաեւ Հարավային Ամերիկայի մյուս երկրները, ապա այն կարող է ընդգրկել գլոբալ ՀՆԱ-ի 5 տոկոսը, որով նա կդառնա երկրորդը աշխարհում եվրոյից հետո, քանի որ եվրագոտին ընդգրկում է համաշխարհային ՀՆԱ-ի 14 տոկոսը։