Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Եվրամիությունում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելն անհնար է առանց եվրոպական պետություններից մեկի դատարանի համապատասխան որոշման։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ընդլայնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները մարդու իրավունքների խախտումների եւ Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է որպես պատասխան միջոց ահաբեկչական կազմակերպություններ հայտարարել եվրոպական երկրների բանակները՝ Եվրամիությանը հորդորելով որոշում ընդունելուց առաջ կարգին ծանրութեթեւ անել։
«Չի կարելի որեւէ մեկին պարզապես ահաբեկիչ հայտարարել այն պատճառով, որ նա քեզ դուր չի գալիս: ԵՄ պետություններից մեկի դատարանը պետք է իրավական որոշում ընդունի՝ հստակ դատապարտմամբ։ Դրանից հետո ի վիճակի կլինենք աշխատելու եվրոպական մակարդակով»,- շեշտել է Բորելը։