Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը զեկույց է հրապարակել` թվարկելով ադրբեջանցիների գործողությունների հետեւանքները։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաեւ առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների եւ հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազով, կանգնած են լրջագույն խնդիրների առաջ։ «Արցախի բուժհաստատություններում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ, այդ թվում` 45 երեխա»,- նշել է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական կողմի գազամատակարարման դիտավորյալ խափանումները Արցախի բնակչությանը զրկում են գազով ջեռուցման եւ տաք ջրի հնարավորություններից: Իսկ Հայաստանից դեպի Արցախ գնացող բարձրավոլտ լարերի վնասման եւ դրանց վերականգնման աշխատանքները Ադրբեջանի կողմից արգելափակելու հետեւանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաեւ էլեկտրականության ներմուծումը։
Գազամատակարարման խափանումների հետեւանքով տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ եւս մեծ կորուստներ են ունենում։ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ գազամատակարարման խափանումների եւ էլեկտրաէներգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում տների ջեռուցման եւ այլ կենսական պայմանների ապահովման համար բնակչությունը սկսում է մեծացնել փայտանյութի օգտագործման ծավալները, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։