Աշխարհի նախկին ռակետ Եվգենի Կաֆելնիկովը եւ հեռուստամեկնաբան, նախկին թենիսիստ Աննա Դմիտրիեւան անդրադարձել են ՌԴ-ն ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովի` Արցախին ուղղված գրառումներին։ Ավստրալիայի բաց առաջնությունում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆուի (17-րդ ռակետ) նկատմամբ տարած հաղթանակից հետո հայազագի թենիսիստը մոտեցել է տեսախցիկին ու գրել. «Պի՛նդ կաց, Արցա՛խ»։ Կիրակի օրը «Australian Open»–ի 1/8-րդի ժամանակ էլ ճապոնացի թենիսիստ Յոսիխիտո Նիսիոկոյին հաղթելուց հետո «Հավատդդ մի՛ կորցրու. պի՛նդ կաց, Արցա՛խ» գրառումն է արել։
Եվգենի Կաֆելնիկովը համոզմունք է հայտնել, որ Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները կամ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան նրա քաղաքական հայտարարությունների պատճառով դժվար թե պատժամիջոցներ կիրառեն Խաչանովի նկատմամբ։ Աննա Դմիտրիեւան իր հերթին նշել է, որ հայազգի մարզիկի գործողությունները պայմանավորված են հոր հայրենիքի` Հայաստանի հանդեպ հուզական վերաբերմունքով։ «Կասեմ միայն, որ Կարենը շատ պարկեշտ տղա է։ Մի քանի տարի առաջ նա առաջին անգամ այցելել էր Հայաստան եւ ցնցված էր բոլորի ընդունելությունից։ Նա հատուկ վերաբերմունք ունի իր հոր հայրենիքի նկատմամբ, թեեւ ինքը չի տիրապետում հայերենին»,- ասել է Դմիտրիեւան։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան Խաչանովի գործողությունն անվանել է սադրանք եւ բողոք է ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիա` պահանջելով պատժել նրան։ Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում նկարած եւ ցուցադրած մոտավոր քարտեզին, որում Հայաստանը ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի հետ, հայտարարել է ՈՒԵՖԱ-ին եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (AFFA) բողոք ներկայացնելու մտադրության մասին։