Ըստ ուկրաինական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի՝ Ուկրաինայի դեմ ձախողված բլիցկրիգից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի միայն մեկ ելք՝ հնարավորինս ձգձգել ռուս-ուկրաինական պատերազմը։ Դրա այլընտրանքը կա՛մ միջազգային դատարանն է Պուտինի համար, կա՛մ Ռուսաստանի ներսում ապստամբության բռնկումը։ «24tv.ua»-ի եթերում Յուսովը մասնավորապես ասել է․
«Անցյալում ձախողվեց Հիտլերի բլիցկրիգն ընդդեմ Խորհրդային Միության, ներկայումս էլ՝ Պուտինի բլիցկրիգն ընդդեմ Ուկրաինայի։ Մեկ տարին շուտով կլրանա «Կիեւը երեք օրում կգրավենք»-ի։ «Հատուկ ռազմական գործողություն» եզրույթն ու կոնցեպցիան իսկ վկայում են այն մասին, որ խոսքը կարճատեւ ռազմարշավի մասին էր՝ կայծակնային հաղթանակով։ Հորդաները ոչնչացնում են Ուկրաինան, ճզմում այն, խուճապ տարածում, հասարակությունն էլ չի դիմանում, բանակն էլ չի կարողանում դիմագրավել։ Ամեն ինչ, սակայն, եղավ ճիշտ հակառակ կերպով։ Ուկրաինան առավելագույնս մոբիլիզացված է, ուկրաինական պաշտպանական ուժերի սպառազինական հագեցվածությունն էլ բարելավված է։ Եվ հիմա հարց է առաջանում, որ եթե պատերազմը կարճատեւ է լինում, ապա ինչ այլընտրանքներ ունի Պուտինը։ Կա՛մ նա կկանգնի միջազգային ատյանի առաջ, կա՛մ Ռուսաստանի ներսում կբռնկվի ապստամբություն։ Ուստիեւ անհրաժեշտ է ամեն գնով երկարաձգել պատերազմը։ Մեր խնդիրն էլ առավելագույն արագ դեօկուպացնել մեր տարածքներն ու ապահովել հաղթանակ 2023 թվականին։ Սա թե՛ Ուկրաինայի, թե՛ միջազգային հակապուտինյան կոալիցիայի խնդիրն է»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։
Յուսովը նշել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիոն գործընթացները շարունակվում են, որոշակի քայլեր են իրականացվում թե՛ իշխանության ներսում, թե՛ ուժային համակարգում։ Ի վերջո Ռուսաստանն ունի բավարար մարդկային ռեսուրսներ մոբիլիզացիա իրականացնելու համար։ Սակայն ավելի կարեւորը Ռուսաստանի ներսում ընթացող որոշակի գործընթացներն են։ Շարքային ռուսաստանցիներին, թեեւ շատ դանդաղ, սակայն կամաց-կամաց հասկանալի են դառնում ուկրաինական պատերազմի աղետաբեր հետեւանքները։
«Հիմքեր ունենք կարծելու, որ Պուտինը հասկանում է ներքին պրոցեսների վտանգավորությունը, ուստիեւ ավելի ու ավելի խստացումներ է սահմանելու ռուսաստանյան հասարակությանը զսպելու համար։ Տեւական ռազմարշավի ժամանակ առավելագույն խստացումների սահմանումը հասարակության ներսում ամենահեշտ ճանապարհն է»,- ասել է Յուսովը։ Ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչն ընդգծել է, որ կարեւոր է, որ ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ աշխարհը հասկանան, որ Պուտինը լուրջ եւ վտանգավոր հակառակորդ է, ով ունի զգալի անձնակազմ, տարատեսակ սպառազինություններ եւ վարում է ահաբեկչական-ցեղասպանական պատերազմ։ «Դա էլ իր հերթին նշանակում է, որ թե՛ մեր, թե՛ մեր դաշնակիցների հասարակական, քաղաքական պարտադիր մոբիլիզացիան պետք է պահպանվի»,- ամփոփել է Յուսովը։