ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ հունվարի 23-ին Անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձեւավորել եւ ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է Եվրամիությունը:
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին եւ հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Ըստ ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության, ի պատասխան Հայաստանի խնդրանքի, Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կանի եւ կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաեւ կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակում միջնորդական ջանքերին:
Հայաստանում Եվրամիության առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում: