ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ ներկայացրել Լաչինի միջանցքի՝ ադրբեջանական կողմից ապօրինի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետեւանքները։
«Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարեւորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու եւ Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը Ստոլտենբերգին է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձել համագործակցության ներկա ծրագրերին եւ ապագա հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ։