Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարեւորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ եւ ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմամբ եւ շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի վերաբերյալ։
Կլաարն ավելի վաղ արդեն հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։