Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի եւ Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը հայտնել է, որ հունվարի 23-ին Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ROSU) մարտիկները Կոսովսկա-Միտրովիցա-Լեպոսավիչ մայրուղու անօրինական անցակետի մոտ գտնվող Բիստրիցկի կամրջի վրա գնդակոծել են սերբերի մեքենան։ Սերբերից մեկը վիրավորվել է, իսկ նրա ուղեկիցը անվնաս է մնացել, թեեւ ամբողջ մեքենան փամփուշտների անցքերով է պատված։
Պետկովիչը նշել է, որ ROSU-ի աշխատակիցները սկսել են հերթով կրակել սերբական մեքենայի եւ դրանում գտնվող սերբերի վրա միայն այն պատճառով, որ նրանք չէին ուզում թույլ տալ ոստիկանությանը ծաղրել իրենց։
«Կուրտիի հատուկջոկատայիններն անելիք չունեն Կոսովոյի հյուսիսում եւ այդ անցակետում, որն ապօրինի է դրված, ու որտեղ ամեն օր ծաղրում են սերբերին, որոնք այնտեղով անցնում են»,- ընդգծել է գրասենյակի տնօրենը:
Ի դեպ
ԵՄ 27 երկրներից Կոսովոյի անկախությունը չեն ճանաչել Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան եւ Ռումինիան։