Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ահազանգել են, որ տարբեր երկրներում գրեթե 300 մարդ է մահացել հազի անորակ օշարակի պատճառով։
«Վերջին չորս ամիսների ընթացքում մի շարք երկրներ հայտնել են, որ երեխաների համար նախատեսված հազի օշարակներ են վաճառվում կասկածելի աղտոտվածությամբ եւ առանց դեղատոմսի, դրանց մեջ բարձր է եղել դիէթիլեն գլիկոլի (DEG) եւ էթիլեն գլիկոլի (EG) պարունակությունը: Դեպքերը տեղի են ունեցել առնվազն յոթ երկրներում»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՀԿ-ն պարզաբանել է, որ մահացածների մեծ մասը մինչեւ հինգ տարեկան երեխաներ են։ Կազմակերպությունը տեղեկացրել է նաեւ, որ այդ նյութերը կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ ընդունելու դեպքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժշկական ապրանքների մատակարարմամբ զբաղվող ընկերություններին կոչ է անում անհապաղ եւ համակարգված գործողություններ ձեռնարկելու այս դեպքերը կանխարգելելու համար։