Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ բրիտանական թագավոր Չարլզ 3-րդի թագադրությունը կկայանա 2023 թվականի մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Թագավորի հետ, որպես թագուհի-կոնսորտ, կթագադրվի նաեւ նրա կինը՝ Կամիլան։ Թեեւ Չարլզ 3-րդը Մեծ Բրիտանիայի թագավոր դարձել է մոր՝ Եղիսաբեթ 2-րդի մահվան պահից սկսած, սակայն խորհրդանշական իմաստով նրա գահակալության մեկնարկը կհաշվվի թագադրության օրվանից։ Թագադրության արարողության ընթացքում նա կօծվի որպես միապետ, եւ նրա գլխին կդրվի բրիտանական միապետական թագը։ Վերջին մոտ 70 տարում Չարլզ 3-րդի թագադրությունը առաջին նման ծավալի միջոցառումը կլինի։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Մեծ Բրիտանիայի միապետի թագադրություն տեղի էր ունեցել 1953 թվականին, երբ գահ էր բարձրացել Եղիսաբեթ 2-րդ թագուհին։
BBC-ն մանրամասնում է, որ Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագադրության արարողակարգում կհամադրվեն հին ավանդույթներն ու ժամանակակից մոտիվները։
Չարլզ 3-րդն այսպիսով կթագադրվի 74 տարեկանում՝ դառնալով բրիտանական միապետության պատմության մեջ ամենատարեց միապետը։ Թագադրության արարողությունը մոտ 900 տարի կատարվում է Վեսթմինսթերյան աբբայությունում։ Թագադրողը լինելու է Անգլիկան եկեղեցու առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոսը։