Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ «Եվրամիության եւ Բրիտանիայի գործողությունները վկայում են, որ նրանք անկարող են ըմբռնել ժամանակակից Իրանի իրողությունները եւ սխալ պատկերացում ունեն մեր երկրի իշխանության մասին։ Իրանը շուտով կհրապարակի ԵՄ-ում եւ Անգլիայում ահաբեկչություն քարոզողների եւ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը»,- նշել է Քանանին։
Նախօրեին ԵՄ-ն հրապարակել է Իրանի՝ բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցած 18 ֆիզիկական անձանց եւ 19 կազմակերպությունների նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը։
Պատժամիջոցների ցանկում ներառվել է նաեւ Իրանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ ԵՄ-ում համարում են, որ նա իրանցի մարզիկներին ստիպել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ նախկին եւ գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ եւ ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածաշրջանային բաժանմունքները։
Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց մի բանաձեւի, որը հորդորում է ԵՄ-ի ղեկավարությանը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։