Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022-ին, 2021-ի համեմատ, Վրաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ վերաարտահանումը ռեկորդային աճ է գրանցել. միության 5 երկրներում վերաարտահանման ընդհանուր աճը եղել է 205%։
Ամենազգալի աճը, Geostat-ի տվյալներով, գրանցվել է Ղազախստանում, որտեղ անցյալ տարի վերաարտահանվել է 166800 միլիոն դոլարի, նախորդ տարի՝ 29,095 միլիոն դոլարի ապրանք, աճը եղել է 473,2%։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ղազախստանին հաջորդում է Հայաստանը. մասնավորապես 2022-ին Վրաստանից Հայաստան վերաարտահանվել է 402,266 միլիոն դոլարի, 2021-ին՝ 127,156 միլիոն դոլարի ապրանք, աճը եղել է 216,3%։ Ըստ Geostat-ի՝ հաջորդը Ռուսաստանն է, որտեղ 2022-ին Վրաստանից վերաարտահանվել է 115,496 միլիոն դոլարի, 2021-ին՝ 55,090 միլիոն դոլարի ապրանք, աճը եղել է 110%։
2022-ին Վրաստանից Ղրղզստան վերաարտահանումը եղել է 86,666 միլիոն դոլար, իսկ 2021-ին՝ 27,087 միլիոն ԱՄՆ դոլար, աճը` 220%։ Նույն տվյալներով՝ 2022-ին Վրաստանից Բելառուս է վերաարտահանվել 24,639 միլիոն դոլարի, 2021 թվականին՝ 22,589 միլիոն դոլարի ապրանք, աճը եղել է 9%։