Ըստ RIA Nosovti լրատվական գործակալության՝ Ռուսաստանի Պետական դումայում առաջարկվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի պետական սահմանը ավտոտրանսպորտով հատման կարգի մեջ։
Նոր օրինագծով՝ քաղաքացիները, որոնք ցանկանում են Ռուսաստանի սահմանը հատել անձնական ավտոտրանսպորտով, պարտավորված կլինեն նախապես ամրագրել, թե կոնկրետ երբ (որ օրը, որ ժամին) են հատելու սահմանը։ Միաժամանակ նաեւ նոր օրինագծով կարգավորվելու էենամրագրված օրն ու ժամին սեփական ավտոտրանսպորտով սահմանը հատելու համար քաղաքացու ժամանման կարգն ու դրա վերահսկողությունը։
Նոր փոփոխությունը տարածվելու է թե՛ ռուսական, թե՛ օտարերկրյա փոխադրումներ իրականացնողների, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ավտոճանապարհներից օգտվող այլ անձանց վրա։ Նախատեսվում է հսկիչ-անցագրային կետերը կահավորել այնպես, որ հնարավոր լինի նաեւ հարկադիր եղանակով կանգնեցնել ավտոմեքենաները։ Նոր փոփոխությունն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից։