Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից վերահաստատել են, որ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
Նշվում է, որ առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, եւ դրանում ներգրավված կլինի մինչեւ 100 աշխատակից, ներառյալ փորձագետներ եւ ԵՄ դիտորդներ: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։
«Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջեւանի հատվածը»,- «Առաջինի լրատվական ալիք»-ին տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից: