2023 թվականի հունվարի 19-ին հեղինակը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանալեզու ծառայությանը, որում ներկայացվել են այն ժամանակ դեռ չհրապարակված այս հոդվածում հնչեցրած փաստարկները։
Ակնկալվում էր, որ 18-20 րոպեանոց հարցազրույցը կթողարկվի առանց խմբագրման: Ծառայությունն իր լրատվական ծրագրի շրջանակում օգտագործեց այդ հարցազրույցից երկու րոպեանոց հատված եւ անտեսեց Նախիջեւանի միջանցքին վերաբերող ավելի առարկայական խոսքը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փշոտ հարցերից մեկը, եթե ոչ ամենաբարդը, Ադրբեջանի, ինչպես ինքն է անվանում, «միջանցքի» պահանջն է, որը միացնելու է Ադրբեջանի հարավարեւմտյան նահանգները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը: Միջանցքն անցնելու է Հայաստանի հարավում Մեղրիի շրջանով:
Միջանցքի հետ կապված պահանջները փոխվել են, եւ կարծես Բաքուն պահանջում է ամբողջական կամ գրեթե լիակատար վերահսկողություն Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածի նկատմամբ, որտեղով անցնելու է ճանապարհը:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ստորագրած հրադադարի մասին հռչակագրի 9-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ ապահովելով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։ Տրանսպորտային կապերի վերահսկման համար պատասխանատու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը»:
«Անխոչընդոտ տեղաշարժի» դրույթի ձեւակերպումը պարզ է դարձնում այս տրանսպորտային կապերի երկու հիմնական բնութագրերը:
Կապերի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, եւ դա այդպես է, քանի որ այն տարածքը, որով անցնելու է ճանապարհը, գտնվում է Հայաստանում՝ հայկական ինքնիշխանության ներքո։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշակի վերահսկողական պատասխանատվություն կունենա այդ կոմունիկացիաների համար, եւ երթուղին գործելու է որոշակի ռեժիմով, որը կհեշտացնի փոխադրումները։
Դրույթը վերաբերում է մեկից ավելի երթուղիների, թեեւ տարաձայնությունները ճանապարհ թե միջանցք հարցի շուրջ են:
Այս առումով առաջին դիտարկումն այն է, որ նման տրանսպորտային կապերի համար «միջանցք» տերմինի օգտագործումը տեղին չէ եւ նույնիսկ վնասակար է։
Եթե զինադադարի մասին Հռչակագրի ստորագրողները ցանկանային, որ կապերը լինեն «միջանցքներ», Հռչակագրում այդ տերմինը կօգտագործեին, ինչը նրանք պատրաստակամորեն արել են Հայաստան-Ղարաբաղ կապը բնութագրելու համար։
Տրանսպորտային կապերը, ինչպես օգտագործվում է Հռչակագրում, կամ տրանսպորտային երթուղիներն ավելի քիչ սպառնալից տերմիններ են եւ հեշտացնում են թեմայի շուրջ քննարկումները կամ բանակցությունները:
Այնուամենայնիվ, օգտագործելով «միջանցք» տերմինը Նախիջեւանի հետ կապ(եր) հաստատելու համար, Բաքուն, հաճախ նաեւ Անկարան ենթադրում են եւ նպատակ ունեն համարժեքություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապի եւ Նախիջևանի հարցում:
Սա կեղծ համարժեքություն է։ Ղարաբաղը եւ Նախիջեւանը տարբեր կարիքներ ունեն, գոյություն ունեն շատ տարբեր իրողություններում, եւ նրանք չեն բախվում նույն սպառնալիքներին ու վտանգներին։
Նախիջեւանը Հայաստանի կողմից երբեւէ շրջափակման չի ենթարկվել, իսկ Լեռնային Ղարաբաղը մեկ անգամ չէ շրջափակվել Ադրբեջանի կողմից: Ղարաբաղը շրջափակված էր դեռեւս 1991 թվականի առաջին պատերազմի սկսվելուց առաջ։
Առաջին պատերազմի նախնական փուլերում Հայաստանը փորձում էր համոզել Բաքվին դադարեցնել ռազմական ագրեսիան Ղարաբաղի դեմ, երբ դա դեռ հնարավոր էր անել: Հայաստանն առաջարկեց բաց պահել իր ճանապարհները Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Հենց Բաքուն հրաժարվեց այդ առաջարկն ընդունելուց։
Հայաստանը երբեք ո՛չ սպառնացել, ո՛չ էլ ռմբակոծել է Նախիջեւանի բնակչությանը կամ կառույցները, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի, երբ նա օգտագործեց իր օդային ուժերն ու հրետանին Ղարաբաղի գյուղերն ու քաղաքները գնդակոծելու համար։ Հակամարտության սկզբում եղել են սահմանային փոխհրաձգություններ, սակայն երկու պատերազմների ընթացքում Նախիջեւանի սահմանը հանգիստ է եղել:
Հայաստանը չի կարող շրջափակել Նախիջեւանը, ինչպես Ադրբեջանն է արել եւ ներկայում անում է Ղարաբաղի նկատմամբ։
Նախիջեւանը սահմաններ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ, ինչը նրան հումանիտար ճգնաժամերից խուսափելու եւ մուտքի հնարավորություն է տալիս Ադրբեջանի երկու հարեւանների տարածք, եթե Հայաստանը շրջափակման որեւէ քայլ անի:
Այս սահմաններն օգտագործվել են տասնամյակներ շարունակ։ Փաստորեն, երկու սահմաններն էլ չափազանց ակտիվ են, եւ անցյալ տարի Բաքուն պայմանագիր ստորագրեց Իրանի հետ՝ զարգացնելու գոյություն ունեցող, Հայաստանը շրջանցող երթուղիները։
Ղարաբաղը անկլավ է, շրջապատված ադրբեջանական տարածքներով: Ղարաբաղն այլ ելք չունի բացի Լաչինի միջանցքից։
Վերջապես, Նախիջեւանն իրավական կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար հանրապետության կարգավիճակ, որն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերով, այդ թվում՝ 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Ադրբեջանը հրաժարվում է անգամ խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես ինքնավար մարզ ճանաչելուց։
Ադրբեջանի պահանջը արագ տրանսպորտային ռեժիմ սահմանելու մասին հասկանալի է։ Դրան կարելի էր հասնել տարբեր մեխանիզմների միջոցով. Երեւանը կարծես նման բանաձեւ է առաջարկել, կարող են լինել նաեւ ուրիշներ:
Բայց Ադրբեջանի համար խելամիտ չէ ավելին պահանջել, օրինակ՝ ինքնիշխանություն միջանցքի նկատմամբ, երբ խնդիրը կարող է լուծվել չպահանջելով մի բան, որը Հայաստանը կամ որեւէ այլ ինքնիշխան երկիր չի կարող զիջել։ Հատկապես որ նման զիջումը հիմնավորված չէ ո՛չ որեւէ անհրաժեշտությամբ, ո՛չ էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հռչակագրում օգտագործված տերմինաբանությամբ։
Պետք է նաեւ հաշվի առնել այն փաստը, որ Լաչինի միջանցքը, որը Բաքուն ցանկանում է կրկնօրինակել Նախիջեւանի պարագայում, մնում է Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, եւ ռուսական ներկայությունը խնդրահարույց է երկու առումով.
ա) Ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ, նույնիսկ հեռացնելու ցուցարարներին, որոնք խոչընդոտում են այդ ուժերի աշխատանքը՝ ապահովելու Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ գործող տրանսպորտային կապը:
բ) Համաձայն նոյեմբերի 9-ի Հռչակագրի՝ Բաքուն կարող է պահանջել, որ ռուսական ուժերը լքեն Ադրբեջանի տարածքը՝ առանց տրանսպորտային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ առաջարկելու, բացառությամբ այն, որ Բաքուն կարող է առաջարկել։
Անցած դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը՝ Ղարաբաղի միակ կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ անկլավում։
Հնարավոր չէ լուրջ ընդունել Բաքվի այն բացատրությունը, որ արգելափակողները բնապահպանական առումով զգայուն ադրբեջանցի քաղաքացիներ են, որոնք մտահոգված են Ղարաբաղում հանքարդյունաբերության հարցերով։ Շատ վաղուց չի թույլատրվում որեւէ հանրային ցույց մի երկրում, որի տնտեսությունը կախված է ածխաջրածնային պաշարների շահագործումից։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը Ղարաբաղի շրջափակումն օգտագործում է որպես Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու պատրվակ, ինչպես նաեւ մարտավարություն բանակցություններում, այդ թվում՝ Նախիջեւանի տրանսպորտային երթուղու շուրջ։
Դրանով Բաքուն ապացուցում է այս հոդվածում հնչեցրած գաղափարի իսկությունը, որ չի կարող լինել համեմատություն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականության միջեւ, եւ չկա համարժեքություն Ղարաբաղի ժողովրդին սպառնացող վտանգների եւ Նախիջեւանի ժողովրդին ուղղված սպառնալիքների միջեւ:
Հաճախ օգնում է լուծելու խնդիրները՝ կնճռազերծելով գերակա, սխալ սահմանված, սպառնալից հնչող բառերը, որոնք բաց են բազմաթիվ մեկնաբանությունների համար եւ երբեմն ներդրվում են առեղծվածային հզորությամբ, ինչպիսին է «միջանցք» բառը:
Նախիջեւանի տրանսպորտային երթուղու խնդրին մոտենալու ձեւերից մեկը պարզ հարց տալն է. ի՞նչ խնդիր պետք է լուծի այդ տրանսպորտային երթուղին։
Պատասխանն ունի երկու մաս.
Առաջինը՝ նպաստել Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժին՝ իրենց երկրի մի հատվածից մյուսը տեղափոխվելու համար։ Երկրորդը հայկական երթուղիների օգտագործումն է միջազգային առեւտրի եւ ճանապարհորդության համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ երկու երկրների միջեւ նման խնդիրներ կարող են ծագել։ Որեւէ երկիր չի կարող պահանջել Հայաստանից զիջել ինքնիշխանությունը իր տարածքի որեւէ հատվածի նկատմամբ: Համաշխարհային փորձն առաջարկում է ընդհանուր եւ ապացուցված լուծումներ նման մտահոգությունների պարագայում, երբ երկրներից չեն պահանջում ինքնիշխանություն զիջել:
Լրացուցիչ խնդիրներ կան տարանցիկ երթուղի(եր)ի խնդրի լուծման ճանապարհին։ Նախ, Նախիջեւանի միջանցքի մասին խոսելիս Բաքուն կարող է նկատի ունենալ մեկ կամ մի քանի լրացուցիչ ռազմավարական նպատակներ, որոնք դուրս են սովորական սահմանված երկու կարիքներից՝ Ադրբեջանի քաղաքացիների արագ տեղաշարժը, միջազգային առևտրի եւ ճանապարհորդությունների խթանումը:
Նման նպատակները կարող են ենթադրվել, բայց չեն հայտարարվում: Բաքուն չի դիտարկում ողջախոհությունն ու չի կիրառում միջազգային փորձի առաջարկած լուծումները: Բաքուն նաեւ մերժել է Երեւանի առաջարկած առնվազն մեկ հնարավոր բանաձեւը, որը, հնարավոր է, կարող էր բարելավվել։
Կարող ենք ենթադրել, որ Բաքուն փորձում է լուծել մի խնդիր, որը ո՛չ հստակեցված է, ո՛չ էլ խելամիտ է։ Դա համահունչ չէ տարածաշրջանում խաղաղ, բարիդրացիական եւ համագործակցության վրա հիմնված ապագա տեսնելու Բաքվի հռչակած նպատակին:
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կատարելու նոյեմբերի 9-ի Հռչակագրի կետը տրանսպորտային երթուղիների վերաբերյալ, եւ այդ իրավիճակում Ադրբեջանի նման մոտեցումը հակասում է այդքան անհրաժեշտ կայունության եւ անվտանգության հասնելու նպատակներին:
Թարգմանեց Կարինե Դավոյանը