Ադրբեջանի հիմնական զենքը մնում է ժամանակը: Բայց որպեսզի ժամանակը կարողանա դարձնել հիմնական զենքը, նա զինվել է օժանդակ այլ «միջոցներով»՝ Թուրքիայով, Ռուսաստանով, եւ նավթային պայմանագրերով: Եթե աշխարհը նրան սեղմեր, դիցուք, 25 տարի առաջ, ոչ մի Թուրքիա, ոչ մի Ռուսաստան եւ նավթային ոչ մի պայմանագիր չէին աշխատի:
Ադրբեջանը հիմնական զինակից է ընտրել ժամանակը: Եվ այսօր էլ նա նույնն է անում: Ճիշտ է, դա սոսկ նրա զենքը չէ: Ժամանակը հիմա նաեւ մեր զենքն է: Բայց աշխարհաքաղաքական հանգամանքների մեր «զինանոցն» այդքան հարուստ չէ: Որքան էլ Հնդկաստանը մեր կողմից լինի, Թուրքիա, Պակիստան ու Եվրոպա չեզոքացնող չէ:
Մենք չունենք Ադրբեջանի «պատմական» զենքերը, որ ասենք, թե Ղարաբաղը մերն է ու մերն էլ պիտի մնա: Ռուսաստանն էլ է նույնն ասում ուկրաինական հողերի մասին: Հիմա պիտի ապացուցի, որ ոչ միայն Ղրիմն է իրենը, այլեւ Դոնեցկը, Լուգանսկը, Խարկովը, Դնեպրը եւ կամ Օդեսան: Ապացուցել կարող է պատերազմով՝ մտքում ունենալով այն, որ եթե փաստարկները չհերիքեն, միջուկային զենք կկիրառի: Մեդվեդեւն ասել է, չէ՞, միջուկային զենք ունեցող պետությունը չի կարող պարտվել այդպիսի զենք չունեցողին:
Հիմա ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ Ադրբեջանի հիմնական զենքը ժամանակն է: Հայաստանում երկու տարով տեղակայվելու է ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Ադրբեջանը դրան տվել է իր համաձայնությունը՝ նշելով, որ «առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար»:
Խոսելով «պատմական արդարության» վերականգնման մասին՝ Ադրբեջանը նախանշել է Հայաստանի հետ հաջորդ «44-օրյա» պատերազմի թիրախը: Բայց դա հիմա անել չի կարող: Հանգամանքները դրա օգտին չեն: Հիմա նա պիտի հասնի այն բանին, որ ադրբեջանցիները վերադառնան իրենց «պատմական» օջախներ՝ Սյունիք, Վարդենիս, «Էրիվան»: Ամեն գնով պետք է պնդի մտքով անցած բոլոր բնակավայրերը, որպեսզի գոնե Սյունիքում դա ի վերջո հաջողի:
Պարզ է, չէ՞, որ դա ենթադրում է նաեւ, որ մենք էլ պիտի վերադառնանք Բաքու: Ահա այստեղ է պարզ դառնում, թե իսկապես հզոր հաղթանակից հետո նրանց մանկապարտեզներում ու դպրոցներում ինչու է շարունակվում հակահայ, նույնիսկ հայատյաց դաստիարակությունը: Այո՛, որպեսզի հայը նույնիսկ որպես տուրիստ չկարողանա մտնել Ադրբեջան: Մենք այդ ատելությունը չունենք ադրբեջանցու հանդեպ, ժամանակի ընթացքում նույնիսկ ավելի հանդուրժող կդառնանք: Բայց այնպես չէ, որ ադրբեջանցին կվերադառնա «կարմիր գորգի» վրայով: Նա պիտի «պատմական արդարությունը» վերականգնի զենքով եւ ոչ թե խաղաղության պայմանագրով:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանին պետք է ժամանակ շահելու եւ Հայաստանի հետ հակամարտությունը… պահպանելու համար: Ինչպես ժամանակին Մինսկի խումբն էր պետք դրա համար: Նա գրեթե լուծված է համարում Ղարաբաղի հարցը, բայց Ղարաբաղով չի բավարարվելու: Ալիեւը մեզ տվել է մեկ տարի ժամանակ: Եվս մեկ տարի էլ տալիս է ԵՄ-ն: Բայց ԵՄ-ն այստեղ անվերջ չի կարող մնալ: Թեպետ, եթե Ադրբեջանին պետք լինի (կլինի), եւս երկու տարի կհամաձայնի:
Սյունիքը նրան պետք է օդ ու ջրի պես: Միակ թնջուկը մնում է Իրանը: Իսկ Իրանի ուղղությամբ աշխարհի հզորներն արդեն աշխատում են: Թեպետ փաստ չէ, որ Իրանը կգա ու կպաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Եթե, այնուամենայնիվ, Իրանի սպառնալիքը չչեզոքացվի, «Զանգեզուրն» ադրբեջանցիներով բնակեցնելու խաղաղ, անարյուն եւ նույնիսկ ինտերնացիոնալ առումով «ողջունելի» ծրագիրը կա ու կա: Դրա դեմ աշխարհը ոչինչ չունի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: