Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով խստացվում է զինվորականների կարգապահական պատասխանատվությունը։
Փաստաթուղթը նախատեսում է զինվորականների նկատմամբ կարգապահական խախտումների դեպքում ավելի խիստ քրեական պատիժների սահմանում, միաժամանակ դատարաններին արգելում մեղմացնել զինվորականների պատիժները, եթե հարցը վերաբերում է հրամանը չկատարելուն, անհնազանդությանը, զինվորական վերադասի նկատմամբ սպառնալիքին կամ բռնության գործադրմանը, դասալքությանը, առանց համապատասխան արտոնությանը, ինքնագլուխ կերպով զորամասից բացակայելուն կամ մարտի դաշտից հեռանալուն։
Նշենք, որ այս օրենքը նախքան նախագահի վավերացումը արժանացել էր ուկրաինական հանրության քննադատությանը։ Նույնիսկ էլեկտրոնային ստորագրահավաք էր նախաձեռնվել, որով Զելենսկուն կոչ էր ավում այս օրենքի նկատմամբ «վետո» կիրառել։
Իրավապաշտպանների կարծիքով Ուկրաինայի զինվորական հրամանատարությունն այս օրենքով՝ նույնիսկ հրամանատարության հասցեին արված ամենափոքր քննադատության դեպքում զինվորականներին բանտարկությամբ պատժելու աննախադեպ լծակներ է ձեռք բերում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, սակայն, աջակցել էր այս օրինագծին՝ նշելով, որ անարդարացի է, որ դասալքության համար ուկրաինացի զինվորականները պետք է միայն տուգանք վճարեն։ Նա դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Գերագույն ռադան ընդունել էր օրենքը, հայտարարել էր, որ բանակը հիմնվում է կարգապահության վրա։