ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ կվերսկսվի ուղիղ երկխոսությունը, ինչի շնորհիվ կողմերը կարող են կարգավորել իրենց տարաձայնությունները։
«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տեւական խաղաղության: Շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձեւաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաեւ մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպելու հանդիպումներ եռակողմ ձեւաչափով: Շարունակելու ենք անել այն ամենը, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը շեշտել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված վատթարացող վիճակն է։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլեւ այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առեւտրային եւ մասնավոր երթեւեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաեւ խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները,- նշել է Փրայսը:
Ըստ պետքարտուղարի խոսնակի՝ բնական գազի մատակարարման եւ այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: «Կոչ ենք անում լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առեւտրային եւ մասնավոր երթեւեկության համար: Կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, եւ հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- ընդգծել է Նեդ Փրայսը: