ՀՀ ԶՈՒ գնդապետ Սամվել Մովսիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, միաժամանակ նաեւ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Մեկ այլ հրամանագրով մեկ տարի առաջ` 2022-ի հունվարին, Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Առաքել Մարտիկյանն ազատվել է պաշտոնից:
Հայաստանում գրեթե մեկ տարի չկար հետախուզության ղեկավար։ Մինչ այդ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության պետ է եղել գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, որն այդ պաշտոնում աշխատել է 2021-ի օգոստոսից մինչեւ 2022-ի փետրվարը։ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո կալանավորվել էր մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ 2022-ի դեկտեմբերի 14-ին։