Այսօր լուսանկարիչ Վահան Քոչարի ծննդյան օրն է։ Մարդ, որը ոչ միայն ակտիվ մասնակիցն է եղել մեր կյանքի վավերագրման, այլեւ ուսումնասիրել է հայ լուսանկարչության շուրջ 150-ամյա ավանդույթն ու ստեղծել պատկառելի շտեմարաններ։
Տարիների նրա հետեւողական աշխատանքը կարող էր դառնալ բազմահատոր հանրագիտարան, կարող էր հիմք դնել հայ լուսանկարչության թանգարանի, որը երկու սերունդ Քոչարների՝ հայր Անդրանիկի եւ որդի Վահանի նվիրական երազանքն էր։ Կարող էր, եթե Հայաստանի մշակույթի ոլորտի իրարահաջորդ ղեկավարները չունենային սահմանափակ միտք եւ անթռիչք երեւակայություն։
Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու Վահան Քոչարի հյուրընկալ տանը, ծանոթանալու մասնիկ առ մասնիկ հավաքված այն ժառանգությանը, որով կարող էր հպարտանալ ցանկացած ազգ։
Եթե նույն նյութով թանգարան բացած կամ հանրագիտարան հրատարակած լինեին մեր հարեւանները, ընդվզելու էինք, թե Աբդուլահյանները սուլթանական պալատի լուսանկարիչներ լինելուց առաջ հայ էին, թե Սեւրյուգինը հայ էր, ոչ թե պարսից շահի լուսանկարիչ սոսկ, որ ոմանք Թիֆլիսում են ապրել, ճիշտ է, բայց վրաց մշակույթինը չեն։
…Արա Գյուլերը, Յուսուֆ Քարշը… մյուսները, մյուսները… մերն են ու մերն են։
Բայց Վահան Քոչարը երկու տարի առաջ երկրային կյանքին հրաժեշտ տվեց՝ այդպես էլ չտեսնելով իր եւ հոր երազած թանգարանը, իսկ հանրագիտարանի հատորներից հասցրեց հրատարակել մեկը, որը պարունակում է հավաքված նյութի հազիվ 1/10-րդը։
Գալ տարի լրանում է Վահանի ծննդյան 75 եւ Անդրանիկ Քոչարի ծննդյան 105-ամյակը։ Գուցե այս առիթներն օգտագործենք ու պահանջենք ստեղծել հայ լուսանկարչության թանգարան, որը մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին կրոնական ճարտարապետությունից զատ այլ բան կառաջարկի։
Մարգարե պետք չէ լինել կռահելու համար, որ այդ թանգարանը շատ արագ կդառնա Հայաստանի ամենադիտարժան վայրերից մեկը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։