Ուկրաինայի զինված ուժերի արեւելյան զորամիավորման խոսնակ Սերգեյ Չերեվատին հայտարարել է, որ զորքերի անձնակազմում մարդկային զոհերից խուսափելու համար ուկրաինական պաշտպանական ուժերը նահանջել են Սոլեդարից։ «Մի քանի ամիս տեւած ծանր մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են Սոլեդարից»,- Չերեվատիի խոսքերն է մեջբերել France-Press լրատվական գործակալությունը։
Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ ուկրաինական զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը՝ թույլ չտալով հակառակորդին համակարգված գրոհել ռազմաճակատի Դոնեցկի ուղղությամբ, մտնել թիկունք եւ առաջ շարժվել օպերատիվ տարածքով։ «Հակառակորդից առավելագույն ուժերի ենք ոչնչացրել՝ առաջին հերթին կենդանի ուժ՝ դրանով հյուծելով թշնամուն»։
Չերեվատին նաեւ ասել է, որ ռազմաճակատի գիծը Սոլեդարում կայունացվել է։ Ուկրաինական զինվորականների շրջափակում կամ գերեվարում չկա։ Նա սակայն չի հայտարարել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել Սոլեդարից նահանջը։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ Սոլեդարի նկատմամբ վերահսկողություն հաստատել էր դեռ հունվարի կեսերին։ Սակայն Ուկրաինան այդ տեղեկությունը չէր հաստատել։