Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հունվարի 24-ին տեղի է ունեցել հատուկ քննարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա հումանիտար հետեւանքների վերաբերյալ: Պատգամավորներ Թիմ Լոութոնը, Ջեսիկա Մորդենը, Ջայլս Ֆրենսիս Ուոթլինգը, Ռիչարդ Ջեյմս Շենոնը, Ջոն Ուիթինգդեյլը, Քերոլ Մոնագանը, Քրիս Լոուն, Ռուպա Հակը, Մարտին Դեյը եւ Սթիվեն Դաութին հանդես են եկել դատապարտող հայտարարություններով եւ պահանջել անհապաղ վերաբացել միջանցքը։
Ելույթներում հնչել են Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչեր, իսկ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը որակվել են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։ Ելույթ են ունեցել նաեւ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամներ Բոբ Բլեքմենը եւ Մեթյու Օֆֆորդը։ Նրանք հայտարարել են, որ հակամարտությունը շարունակվում է 1990-ականներից, եւ որ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, սակայն այն վերահսկում են հայերը, հետեւաբար անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի շահերը, ականազերծել տարածքները, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ:
Հայտարարություններից հետո ելույթ է ունեցել պետքարտուղարի Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դեւիդ Ռաթլին՝ փոխարինելով գործուղման մեջ գտնվող Լեո Դոհերթիին: