Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2022-ին Երեւանում բնակարանների գներն աճել են 11,1%-ով, մարզերում` 16,2%-ով։
Երեւանի Քանաքեռ-Զեյթունում բնակարանները թանկացել են միջինը 10,1%-ով կամ 36 հազար 100 դրամով` 392 հազար 200 դրամից հասնելով 356 հազար 100 դրամի։ Նոր Նորքում գնաճը եղել է 7,1 %։ Այստեղ ամենաթանկ բնակարանի 1 քմ-ն արժե 373 հազար դրամ, ամենաէժանը` 288 հազար 500։ Էրեբունի վարչական շրջանում բնակարանները թանկացել են 4-16%-ով` կախված տեղանքից ու տարիքից։ Առավելագույն գինն այս համայնքում դեկտեմբերին եղել է 387 հազար 500 դրամ, նվազագույնը` 274 հազար դրամ։ Շենգավիթում գներն ավելի դանդաղ են աճել (միջինը` 8,5%) եւ գրեթե համադրելի են Էրեբունու գների հետ։
Դավիթաշեն համայնքը պահպանում է «թանկ թաղամասի» իր համբավը
Երեւանի Դավիթաշեն համայնքը շարունակում է պահպանել «թանկ» թաղամասի իր համբավը։ Այստեղ 1 տարվա գնաճը եղել է միջինը 15,1%։ Դեկտեմբերին 1 քմ-ի արժեքը հատել է 404 հազար դրամի սահմանը, ինչը շուրջ 50 հազար դրամով ավելի է նախորդ տարվա դեկտեմբերյան գնից։ Աջափնյակում միջին գինը 362 հազար դրամ է, Մալաթիա-Սեբաստիայում` 346 հազար, Ավանում` 344 հազար դրամ։ Այս թաղամասերում եւս 1 քմ-ի արժեքը 1 տարում բարձրացել է շուրջ 10%-ով։ Երեւանի ամենաէժան թաղամասը շարունակում է մնալ Նուբարաշենը։ Գներն այստեղ 1 տարում ավելացել են 15 հազար դրամով։ Ամենաէժան բնակարանի 1 քմ-ը 2022-ին եղել է 201 հազար դրամ` 2021-ի դեկտեմբերի 184 հազարի փոխարեն, իսկ ամենաթանկը` 217 հազար դրամ` 202 հազարի փոխարեն։
Երեւանի Փոքր Կենտրոնում 1 քմ-ի գինը՝ 988 հազար դրամ
Ամենաթանկ բնակարանները Երեւանի Կենտրոնում են։ Այստեղ բնակարանի 1 քմ-ի արժեքը 1 տարվա ընթացքում (2022-ի դեկտեմբերին 2021-ի դեկտեմբերի համեմատ) ավելացել է միջինը 14,6%-ով կամ 100 հազար դրամով` 680 հազար դրամից հասնելով 780 հազար 600 դրամի։ Ընդ որում՝ Երեւանի Փոքր Կենտրոնում 1 քմ-ի գինը բարձրացել է շուրջ 148 հազարով` 840 հազար 200 դրամից հասնելով 988 հազար 100-ի։ Մեծ Կենտրոնում գներն աճել են 8,9%-ով` 431 հազար 500 դրամից հասնելով 470 հազար 100 դրամի։ Արաբկիր համայնքում ամենաթանկ բնակարանների 1 քմ-ը 2022-ի դեկտեմբերին եղել է 525 հազար դրամ, ամենաէժանը` 450 հազար դրամ։
Մարզերում բնակարանների գները խիստ անհամաչափ են աճել
Ամենացածր աճը գրանցվել է Թալինում` 2.6%, ամենաբարձրը` Մեծամոր քաղաքում` 27,7%: Մարզային քաղաքներից ամենաթանկը ավանդաբար մնում է Ծաղկաձորը։ Այստեղ բնակարանի 1 քմ-ը 2022-ի դեկտեմբերին վաճառվել է միջինը 394 հազար դրամով` 2021-ի դեկտեմբերի 327 հազար 500 դրամի փոխարեն։ Երկրորդ տեղում Աբովյան քաղաքն է, որտեղ 1 քմ-ը դեկտեմբերին եղել է 250 հազար 500 դրամ։ Երրորդը Վաղարշապատն է։ Այստեղ դեկտեմբերին բնակարան կարելի էր գնել միջինը 227 հազար 600 դրամով։
Երեւանամերձ Աշտարակում բնակարանների գները բարձրացել են 12,7%-ով` հասնելով 175 հազար 200 դրամի, ինչը նախորդ տարվա դեկտեմբերյան գներից շուրջ 30 հազար դրամով թանկ է։ Մարզային քաղաքներից ամենաէժան բնակարանները Լոռու մարզի Թումանյան համայնքում են։ Այստեղ 2022-ի վերջին բնակարանների 1 քմ-ը վաճառվել է 25 հազար դրամով, իսկ 2021-ին` 21 հազար դրամով։ Սահմանամերձ Սյունիքում բնակարանների միջին գներն ավելացել են միջինը 14%-ով։ Ամենից արագ աճել են Կապանի ու Սիսիանի բնակարանների գները` մինչեւ 19,3% կամ շուրջ 20 հազար դրամով։
Ջերմուկում 2021-ի համեմատ բնակարանները թանկացել են 13.5%-ով
Հետաքրքրական է, որ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Ջերմուկում եւս բնակարանները 2021-ի համեմատ թանկացել են 13.5%-ով` 1 քմ-ի դիմաց 103 հազար դրամից հասնելով 117 հազար դրամի։ Սահմանամերձ Տավուշում եւս գները 10-20% աճ են ունեցել։ Ամենաթանկ բնակարանները Դիլիջանում են (1 քմ-ը` 166 հազար դրամ), ամենաէժանը` Այրումում (1 քմ-ը` 61 հազար դրամ)։
Սահմանամերձ Գեղարքունիքի մարզում 7-25%-անոց գնաճ է գրանցվել։ 25%-ով աճել են մարզկենտրոն Գավառի բնակարանների գները` 1 քմ-ի դիմաց 60 հազար 100 դրամից հասնելով 75 հազար 200 դրամի։ Սեւանում ու Մարտունիում աճն ավելի դանդաղ է եղել, բայց 1 քմ-ի արժեքը հասել է համապատասխանաբար 115 եւ 113 հազար դրամի։ Ճամբարակում գներն աճել են 5 հազար դրամով։ Այստեղ բնակարան կարելի է գնել 1 քմ-ը 42 հազար դրամով։
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ բնակարանների առքուվաճառքի գործարքների 67,1%-ը կատարվել է Երեւանում։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 10%։ Վերջին տեղում Վայոց ձորի մարզն է` 0.4%։ 2022-ին Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է անշարժ գույքի 52 հազար 928 գործարք։