Ըստ Associated Press գործակալության՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ գլխավոր դատախազներ ունեցող ԱՄՆ 20 նահանգներ Տեխասի նահանգի նախաձեռնությամբ դատական հայց են ներկայացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ միգրացիոն քաղաքականության մեջ կատարված արմատական փոփոխության առնչությամբ: Դաշնային դատավորին հայց ներկայացրած Ալաբամա, Ալյասկա, Արկանզաս, Այդահո, Այովա, Վայոմինգ, Արեւմտյան Վիրջինիա, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Միսիսիպի, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Օհայո, Թենեսի, Ֆլորիդա, Հարավային Կարոլինա եւ Յուտա նահանգները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր միջոցների դեմ՝ ներգաղթյալների օգնության ծրագիրը դադարեցնելու պահանջով: Նահանգների իշխանությունները համոզմունք են հայտնել, որ նախքան ծրագրի իրագործումը սկսելը նախագահի աշխատակազմը պետք է հաշվի նստեր հասարակական կարծիքի հետ։
Ըստ CBC հեռուստաընկերության՝ նոր նախաձեռնության շրջանակում որոշում է ընդունվել, որ ամեն տարի Վենեսուելայի, Հայիթիի, Նիկարագուայի եւ Կուբայի մինչեւ 360 հազար քաղաքացիներ կկարողանան երկու տարի ժամկետով մուտք գործել ԱՄՆ՝ աշխատանքի իրավունքով, եթե Միացյալ Նահանգներում կան նրանց հրավիրելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաեւ պայմանով, որ նրանց հանգամանալից ստուգեն ԱՄՆ իրավապահ մարմինները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը մեծացրել է Արեւմտյան կիսագնդի երկրներից փախստականների քվոտան, որոնց պատրաստ է ընդունելու 2023-2024 ֆինանսական տարում։
ԱՄՆ մշտական բնակության իրավունքով տեղափոխվելուն կարող է հավակնել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներից մինչեւ 20 հազար փախստական: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ այն ժամանակից ի վեր, երբ 2021-ին Բայդենը դարձավ նախագահ, ԱՄՆ հարավային սահմանը շուրջ 5 միլիոն միգրանտ է հատել: