Ըստ CNN Türk գործակալության՝ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չի քննարկում ՆԱՏՕ-ի անդամակցությունը դադարեցնելու հարցը:
«Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններն անհիմն են։ Դրա մասին խոսք լինել չի կարող։ Մենք ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից մեկն ենք։ Նրանք դրա մասին խոսելու իրավունք չունեն։ Այն, ինչի մասին նրանք խոսում են, շքեղություն կլիներ ՆԱՏՕ-ի համար»,- ասել է թուրք քաղաքական գարծիչը։
Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը հայտարարել էր, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ 5-6 ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։ Նա նշել է, որ վերջին հարցումները ցույց են տվել, թե թուրք բնակչության առնվազն 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Թուրքիայի նկատմամբ առավել թշնամաբար տրամադրված երկիր։
«Հայրենիք» կուսակցությունը հակաամերիկյան դիրքորոշում ունի, Թուրքիայի իշխանություններին բազմիցս կոչ է արել փակելու երկրում ԱՄՆ ռազմակայանները, հետ կանչելու ամերիկյան F-16 կործանիչների գնման հայտը եւ դուրս գալու Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից: