Ըստ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացրած ամենամյա տնտեսական զեկույցի՝ Գերմանիայի տնտեսությունը 2023 թվականին չի թեւակոխի անկման փուլ։
«Ծանր տնտեսական ճգնաժամը հնարավոր եղավ կանխել»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր եւ միաժամանակ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։ Գերմանական կառավարության գնահատմամբ՝ ընթացիկ տարում գերմանական տնտեսությունն ավելի լավ է զարգանալու, քան կանխատեսվում էր։ Ակնկալվում է, որ ՀՆԱ-ն 2023-ին կաճի 0,2 տոկոսով։ Անցյալ տարի աշնանն արված կանխատեսումներով՝ գերմանական ՀՆԱ-ն 2023 թվականին կրճատվելու էր 0,4 տոկոսով։ Ակնկալվում է, որ սղաճն ընթացիկ տարում կլինի 6 տոկոս։ 2022 թվականին սպառողական գնաճը միջինացված ցուցանիշով եղել է 7,9 տոկոս։
Փոխկանցլեր Հաբեքը նաեւ հայտարարել է, որ սպասելի է էներգակիրների գնի նվազում։ Դա պայմանավորված կլինի համաշխարհային շուկայում էներգակիրների գնի նվազմամբ, ռուսական գազի այլընտրանքների (ինչպիսին, օրինակ, բնական հեղուկացված գազն է), գազապահեստարաններում բավարար քանակությամբ պահեստավորված գազի առկայությամբ։
Ռոբերտ Հաբեքը ընդգծել է, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին եւ էներգիայի գնի թանկացմանը՝ Գերմանիայում տնտեսությանն առնչվող «վատթարագույն սցենարից» հնարավոր եղավ խուսափել։ Դա հնարավոր եղավ նաեւ դաշնային կառավարության՝ ընկերություններին եւ տնային տնտեսություններին ցուցաբերած ծավալուն աջակցության շնորհիվ։ Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ թեեւ ճգնաժամը դարձել է կառավարելի, սակայն այն դեռ չի վերջացել։
Նա նշել է նաեւ, որ գերմանական տնտեսությունը շարունակում է զգալ աշխատուժի սուր պակաս։ Գերմանական աշխատաշուկայում ներկայում կա մոտ 800 հազար թափուր աշխատատեղ։ Այս իրավիճակում նա կոչ է արել ավելի լավ օգտագործելու ներքին պոտենցիալը, շարունակելու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, ինչպես նաեւ արտասահմանից ներգրավելու որակյալ մասնագետների։
Պատրաստեց Արման Գրիգորյանը