Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ ռուսական աշխատաշուկայում ավելացել են IT ոլորտի մասնագետների թափուր հաստիքները։ Ընդ որում՝ երեւույթն ի հայտ է եկել դեռ անցյալ տարվա նոյեմբերից։ Մասնագետները դա բացատրում են գործարար աշխարհում 2023 թվականի առնչությամբ որոշակիության ձեւավորմամբ։ Ընթացիկ տարվա հունվարին նկատվել է IT ոլորտի մասնագետների պահանջարկի աճ։ Սա էլ բացատրվում է իշխանությունների՝ ոլորտի նկատմամբ իրականացվելիք քաղաքականությամբ։ Մասնավորապես՝ ռուսական իշխանությունները քննարկում են IT ոլորտի մասնագետների՝ արտասահմանից աշխատելու իրավունքը սահմանափակելու հարցը։ IT ոլորտի մի շարք ընկերություններ սկսել են կրճատել արտասահմանից «հեռավար» աշխատող իրենց աշխատակիցներին։ Որոշ ընկերություններ էլ, ընդհակառակը, արտասահմանում հիմնում են իրավաբանական ընկերություններ, որ կարողանան արտասահմանում գտնվող իրենց աշխատակիցների հաստիքները պահպանել։
«Կոմերսանտը» մանրամասնել է, որ HeadHunter (hh.ru) կադրային ծառայության տվյալներով, թեեւ հունվարը դեռ չի ավարտվել, սակայն աշխատաշուկայում 58,7 հազար IT ոլորտի մասնագետի թափուր հաստիք է արձանագրվել։ Սա անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 63 տոկոսով։ Աշխատաշուկայի հարցերով զբաղվող մասնագետները արձանագրել են նաեւ, որ ընթացիկ տարեսկզբին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առկա թափուր հաստիքների հայտարարությունների վերաբերյալ պոտենցիալ աշխատակիցների արձագանքներն աճել են 64 տոկոսով՝ հասնելով 3,6 միլիոն արձագանքի։ Ներկայում ռուսական աշխատաշուկայում ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագետներն են ճարտարագետները, ծրագրավորողները եւ ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվողները, web-ճարտարագետները, համակարգի ադմինիստրատորները, թվային խաղերի մշակմամբ եւ վերլուծությամբ զբաղվող մասնագետները։ Միջին աշխատավարձն ամսական 60-150 հազար ռուբլի է։
Ռուսական մեկ այլ խոշոր կադրային ծառայության՝ «Авито Работа»-ի տվյալներով՝ հունվարին IT ոլորտի մասնագետների պահանջարկն ավելացել է 52 տոկոսով։ Միջինացված ցուցանիշով՝ այս ոլորտի աշխատակիցները ստանում են ոչ պակաս, քան ամսական 40 հազար ռուբլի։ Դա 2021 թվականի համեմատ 14 տոկոսով ավելի է։ Իսկ ահա ընթացիկ տարվա հունվարին միջինացված աշխատավարձային ցուցանիշը եղել է 45 հազար ռուբլի։ «Կոմերսանտը» նաեւ գրում է, որ, օրինակ, «Яндекс» ընկերությունում IT ոլորտի 1000 աշխատակցի պահանջ կա։ Աշխատաշուկայի ուսումնասիրությամբ զբաղվող մի շարք մասնագետներ համարում են, որ IT ոլորտում առկա կադրային այս պակասուրդը դեռ կպահպանվի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը