Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների թեմայով: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ի քվեարկությամբ, ընդունել էր «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույց» (CFSP) բանաձեւը։ ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել էր նաեւ զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում։
«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»,- նշված է զեկույցի լրամշակման մեջ: