Ըստ РБК-ի՝ 2022 թվականին ՌԴ-ում սպառողական ապրանքների պահանջարկը 3,4 տոկոսանոց անկում է արձանագրել։ Դա համարվում է ռեկորդ եւ համադրելի է 2014-2015 թվականների ճգնաժամի ընթացքում արձանագրված պահանջարկային անկման հետ։
Համաձայն NielsenIQ ընկերության անցկացրած հետազոտությունների՝ FMCG (Fast-Moving Consumer Good — ամենօրյա պահանջարկ ունեցող) կամ ամենօրյա սպառման ապրանքների շուկայի անվանական աճը եղել է 13,6 տոկոս։ Սակայն վաճառքի ցուցանիշներն աճել են միայն շնորհիվ գնաճի, որը եղել է 13,6 տոկոս։ Իրական սպառման ներդրումը եղել է բացասական՝ -3,4 տոկոս։ Հիշեցնենք, որ 2015-ին այդ ցուցանիշը -1,5 տոկոս էր։
Ներկայում արձանագրված անկումը պայմանավորված է քաղաքացիների իրական եկամուտների նվազմամբ։ Տնտեսագետները նշել են, որ վերջին 11 ամիսների կտրվածքով բացառություն է եղել միայն անցյալ տարվա մարտը։ Դա էլ պայմանավորված է եղել ռուսական շուկայից մի շարք համաշխարհային ապրանքանիշերի եւ խոշոր ընկերությունների հեռանալով, ինչը որոշակիորեն պահանջարկ է խթանել։
Հիշեցնենք, որ ռուսական շուկայից հեռացել են համաշխարհային այնպիսի հայտնի ընկերություններ եւ ապրանքանիշեր, ինչպիսիք են Coca-Cola-ն, P&G-ն, Henkel-ը, Ikea-ն, Inditex-ը (ներկայացնում է Zara, Oysho, Massimo Dutti ցանցերը)։ Շուկայի ոլորտի մասնագետները համակարծիք են, որ ռուսաստանցիները սկսել են կրճատել ծախսերը՝ առաջնային համարելով անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը։
Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում նույնիսկ նվազել են առաջին անհրաժեշտության եւ սննդի ձեռքբերման համար կատարվող ծախսերը։