Մեր պատմության ամենածանր շրջաններից մեկն ենք ապրում։ Այսքան ծանր եղել է, երեւի, 1920-ի նոյեմբերին, երբ ջախջախիչ պարտություն կրեցինք ու ստիպված էինք ընդունել Ալեքսանդրապոլի վերջնագիրը։ Այդ պարտությունը շշմեցուցիչ էր: Իրական էր ամբողջը կորցնելու վտանգը: Նոյեմբերի 23-ին կառավարության «Հառաջ» պաշտոնաթերթի «Դեպի հաշտություն» վերնագրով խմբագրականը լավ պատկերացում է տալիս, թե ինչ դժվար քննարկումներ են ընթացել այդ օրերին, եւ ինչ ծանր մթնոլորտ է եղել։ Կարճ խմբագրականն, ըստ էության, վերլուծում է մինչեւ պատերազմ ու պարտություն թույլ տված սխալները եւ սթափվել է առաջարկում։ Հոդվածի գլխավոր շեշտերն են․
- Սխալ էր օտարների խոստումներին հավատալը եւ դրանցով առաջնորդվելը։
- Պետք է հասկանանք, որ մեր ուժի եւ կարողության չափով միայն կարող ենք քաղաքական նպատակներ ու պահանջներ առաջադրել: Այլապես մենք ինքներս կնպաստենք մեր կործանմանը։
- Ամենից առաջ եւ ամենից ավելի մենք պետք է հաշտ լինենք մեր հարեւանների հետ:
Այս պարզ ճշմարտությունները Առաջին հանրապետության առաջնորդները սկսեցին գիտակցել սարսափելի պարտությունից հետո միայն, երբ արդեն կորցրել էին 30000 քառակուսի կիլոմետր տարածք՝ երկրի ուղիղ կեսը։
Թվում էր՝ 1920-ի պարտությունը պետք է մեզ դաս դառնար, եւ սխալները, որ թույլ էին տրվել այդ տարիներին, երբեք ու երբեք չպետք է կրկնվեին։ Թվում էր՝ պետք է դառնայինք իրատես, կարողանայինք համադրել մեր ցանկությունները եւ մեր հնարավորությունները։ Իսկ մենք հակառակը, երբ եկավ մեր հերթը, ճշտորեն կրկնեցինք 1920-ի սխալներն, ու հանգեցրեց նույն արդյունքին՝ 2020-ի ջախջախիչ պարտությանը եւ այն վիճակին, որ ունենք այսօր։
Եթե 1920-ի աղետից հետո երկրի պատասխանատուներից շատերը (Քաջազնունի, Խատիսյան, Վրացյան եւ ուրիշներ) սկսեցին վերլուծել իրենց քայլերը, ասել բարձրաձայն, որ գլխավորապես իրենց սխալ քայլերն են այդ աղետին հանգեցրել, ապա մեր օրերում նման ոչինչ տեղի չունեցավ ու տեղի չի էլ ունենում:
Մեզ պատուհասած աղետի համար ոչ ոք իրեն մեղավոր չի համարում։ Չկա մեկը, որ կընդունի իր սխալները, որ կխոսի իր սխալներից ու իր պատասխանատվությունից։
Սեփական սխալները տեսնելու եւ գնահատելու ոչ մի օրինակ չկա։ Բոլոր նախկին ու ներկա պատասխանատուները, ովքեր փոխզիջումներով խնդրի լուծմանը դեմ էին, ովքեր ոչինչ զիջել չէին ցանկանում, ովքեր Արցախի խնդիրը լուծված ու ավարտված էին համարում, ովքեր կարծում էին, թե կարող են անվերջ բանակցել ու բանակցել, իսկ պատերազմ չի լինելու, որովհետեւ Մոսկվան թույլ չի տալու, ովքեր սթափության կոչ անողներին պարտվողականներ էին անվանում, շարունակում են պնդել, թե ճիշտ ճանապարհով են գնացել։ Իրենց մեղքը չեն տեսնում։
Ավելին՝ այնպիսի քննարկումներ ու զրույցներ են վարում, կարծես 2020-ի նոյեմբերի պարտությունը չի եղել։ Կարծես մենք չենք, որ պարտվել ենք։ Կարծես մենք չենք, որ 2020-ի հոկտեմբերից սկսած անընդհատ նահանջում ու նահանջում ենք։ Կարծես պատերազմի դեպքում, որ ամեն վայրկյան կարող է պայթել, դիմակայելու եւ հաղթելու ենք։
Նույն անպատասխանատուներն են ու նույն անզիջումներն են։ Ոչինչ չի փոխվել։ Անգամ այնպիսի մեծ ուսուցիչ, ինչպիսին պարտությունն է, սրանց ոչինչ չսովորեցրեց։ 30 տարի է՝ այսպիսին են՝ ինքնազմայլված ու խանդավառ: Նրանց չեն հետաքրքրում ուժերի հարաբերակցությունը եւ հնարավորությունների սահմանները: Տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս ընթացող զարգացումները նրանց չեն հետաքրքրում։ Նրանցը ծափահարություններ բերող պոռոտախոսությունն է ու մաքսիմալիզմը:
Նոր կորուստներից ու նոր պարտություններից չեն վախենում։ Չեն էլ մտածում այդ մասին։ Ոչ մի տրամաբանական միտք, ոչ մի նախազգուշացնող խոսք չեն ընդունում։ Զգուշավորությունը վախկոտություն ու նահանջ են համարում, հակառակորդի հետ զրույցը՝ դավաճանություն։
Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) ներկայացրել է 2023 թվականին աշխարհում ռազմական 10 հակամարտությունները, որոնք ցանկացած պահի կարող են պայթել։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը երկրորդ հորիզոնականում է։ Գրում են, որ «Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020-ի վեցշաբաթյա հակամարտությունը ․․․
Այդ ժամանակից ի վեր հավասարակշռությունն ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերը եւ սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, պաշարների պակաս ունի: Ադրբեջանը, ընդհակառակը, ուժ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է զինված եւ վայելում է Թուրքիայի աջակցությունը»։ Ապա ավելացնում են․ «Վտանգն այն է, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի, կամ հերթական ռազմական բախումը կխորտակի թե՛ Մոսկվայի, թե՛ Արեւմուտքի հովանավորած ուղիները, եւ Ադրբեջանը ուժով կվերցնի այն, ինչ կարող է»։
Ահա այսպես են օտար մասնագետները տեսնում մեր վիճակը։ Այսպես էին Հայաստանի Առաջին հանրապետության առաջնորդները, ճիշտ է՝ հետին թվով, երբ կորցրել էին այն ամենը, ինչը, թվում էր, կորցնել հնարավոր չէ, տեսնում մեր վիճակը, եւ իրենց ասած «շշմեցուցիչ պարտությունից» հետո շեշտը դնում էին բանակցելու եւ հնարավոր հաշտության վրա, որովհետեւ վիճակը հասկանալու եւ գնահատելու կարողություն էին ձեռք բերել, կանխազգում էին աղետը։
Իսկ այսօրվա մեր գործիչները ո՛չ իրական վիճակն են տեսնել ցանկանում, ո՛չ աղետն են կանխազգում եւ ո՛չ էլ վախենում են։
Քաջ են, անկոտրում ու անզիջում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։