Շիրակի մարզպետ Նազելի Բազդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Արդեն նախկին մարզպետն իր կատարած աշխատանքը դրական է բնութագրել, ասել, որ յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարել է իրենը, սրտացավորեն փորձել օր առաջ լուծում տալ դրանց։
Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ իր որդեգրած գործելաոճը՝ անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը, հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։
Մարզպետարանից մարզպետը միայնակ չի հեռանում, աշխատանքից ազատման դիմում են գրել նաեւ Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները:
Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարվելու պատճառի մասին Բաղդասարյանը չի խոսել, փոխարենը մարզում են խոսակցություններ տարածվել, որ նրան առաջարկել են արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Այժմ էլ ակտիվ քննարկվում է վարկած, որ նրան կնշանակեն ՄԻՊ-ի պաշտոնում:
Շիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի նախկին պետ, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:
Շիրակի մարզում կատարվածը քաղաքագետ Գագիկ Համբարյանը կառավարելի «քաոս» է որակում: «Ընդամենը 3 ամիս հետո Նիկոլի իշխանությունը կնշի իր կառավարման 5-րդ տարին, ու պարզվում է, այդ ժամանակահատվածում Շիրակի մարզում արդեն 5-րդ մարզպետն է նշանակվում»:
Ըստ քաղաքագետի՝ նման արագությամբ պաշտոնյաներին փոխելը կոլապսային եւ անկառավարելի վիճակ է ստեղծում բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ ՏԻՄ-ում: Պատճառներից նշում է թիմի ներսում կադրերի պակասը եւ մասնագետների՝ ներկա իշխանության հետ աշխատելու ցանկության բացակայությունը:
«Մինչեւ մի մարզպետը ադապտանում եւ ծանոթանում է իրավիճակին, արդեն փոխելու ժամանակն է գալիս»,- ասում է Համբարյանը եւ վստահեցնում, որ 5 տարիների ընթացքում վարչապետին չի հաջողվել Շիրակի մարզում բանիմաց եւ պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավել կառավարման ոլորտ:
2018 թվականից իշխող քաղաքական թիմից Շիրակի մարզպետի պաշտոնում են նշանակվել Կարեն Սարուխանյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Նազելի Բաղդասարյանը եւ Մուշեղ Մուրադյանը:
Նշենք, որ Շիրակի մարզպետարանի միջանցքում, ավանդույթի համաձայն, փակցվում են բոլոր մարզպետների նկարները: Շիրակցիներն արդեն հասցրել են թեմայի մասին սրախոսություններ տարածել, թե այսպես որ գնա, նկարները տեղավորելու համար նոր, ընդարձակ մարզպետարանի շենք են կառուցելու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։