Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Արբիտրաժային տրիբունալը 2018-ի օգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) մուտքագրված «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային գործով հունվարի 20-ին կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները եւ պարտավորեցնելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների եւ այլ ծախսերի հատուցում։
Երկաթուղային ճանապարհի եւ արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած սույն արբիտրաժային գործը հարուցվել էր «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաեւ նշված ընկերության եւ ՀՀ Կառավարության միջեւ 2012-ի կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։ Արբիտրաժային գործի շրջանակում հայցվորները պնդում էին, թե ՀՀ-ն խախտել է կոնցեսիոն պայմանագրերի, ինչպես նաեւ «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին» պայմանագրի ներքո ստանձնած մի շարք պարտավորություններ:
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ հայցվորները պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 2015-ի մարտի 18-ից մինչեւ արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար։